«Շուտով բիկինիով է աշխատանքի գալու». կարճ զգեստով խորհրդարան գնացած կին պատգամավորը դժգոհություն է առաջացրել

Մինչդեռ 27-ամյա հարավկորեուհին, որը երկրի խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավորն է, կարճ զգեստի ընտրությունը բացատրել է խորհրդարանում խիստ հագուստ կրելու ավանդույթը փոխելու ցանկությամբ

Հարավային Կորեայի խորհրդարանի անդամ Ռյու Հոչժոնը, որը լիագումար նիստին ներկայացել է կարճ զգեստով, բուռն քննարկումների առիթ է տվել առ այն, թե ինչպես պետք է հագնվեն օրենսդիրները:

Ինչպես նշում է ria.ru-ն, հենց Հոչժոնի լուսանկարները հայտնվել են համացանցում, օգտատերերը սկսել են քննադատել նրան՝ նկատելով, որ այդպիսի հագուկապը սազական է բարին, ակումբին, բայց ոչ խորհրդարանին:

«Շուտով բիկինիով է աշխատանքի գալու»,-գրել է օգտատերերից մեկը:

Մինչդեռ 27-ամյա հարավկորեուհին, որը երկրի խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավորն է, կարճ զգեստի ընտրությունը բացատրել է խորհրդարանում խիստ հագուստ կրելու ավանդույթը փոխելու ցանկությամբ: Նա նկատել է, որ խորհրդարանի հեղինակությունն ամենևին էլ հիմնված չէ պատգամավորների հագուկապի վրա, և խոստացել է շարունակել հագուստի հետ կապված փորձերը:

Հոչժոնի կուսակիցներն ափսոսանք են հայտնել այն առնչությամբ, որ կին քաղաքական գործչին գնահատում են ոչ թե կատարած աշխատանքի արդյունքով, այլ՝ արտաքինով: