Վրաստանի կառավարությունը կվճարի իր քաղաքացիների կոմունալ վարձերը գալիք նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին

Համեմատաբար ապահովված քաղաքացիները հնարավորություն կունենան հրաժարվել այս օգնությունից

Վրաստանի կառավարությունը կվճարի երկրի քաղաքացիների կոմունալ վարձերը գալիք նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է երկրի վարչապետ Գիորգի Գախարիան, գրում է apsny.ge պորտալը:  

«Քաղաքացիների եկամուտների նվազումը կամ աշխատանքի կորուստը փոխհատուցելու համար կառավարությունը որոշում է ընդունել 4 ամսով երկարաձգել կոմունալ ծառայությունների վճարմանն ուղղված աջակցության ծրագիրը:

Դա կլինի նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին: Օգնությունը լինելու է նույն սկզբունքով` կառավարությունը կփոխհատուցի մինչև 200 կՎտ էլեկտրաէներգիա և 200 խորանարդ մետր գազ սպառած բնակիչների ծախսերը:

Մեր համեմատաբար ապահովված քաղաքացիները հնարավորություն կունենան հրաժարվել այս օգնությունից»,-հայտարարել է Գախարիան: