Նրանց պարզապես պետք է վտարել երկրից. Մեդվեդևը՝ հայերի ու ադրբեջանցիների կոնֆլիկտի մասին

նրանք, ովքեր խախտում են Ռուսաստանի օրենսդրությունը, անկախ նրանից, թե ինչ ազգի են նրանք պատկանում, պետք է խիստ պատասխանատվության ենթարկվեն Ռուսաստանի օրենքների համաձայն

«Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության մասին, հայտարարել է, որ այս թեման չպետք է հիմքեր ստեղծի բռնությունների եւ բախումների համար Ռուսաստանի Դաշնության ներսում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ինձ թվում է, որ մեր իրավապահ մարմինները պետք է կենտրոնանան նրա վրա, որ երկրի ներսում այս թեման չպետք է հիմքեր ստեղծի բռնության գործադրման եւ որեւէ բախման համար»,- ասել է նա «ՊոլիտՍտարտափ» կադրային նախագծի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:

Մեդվեդեւը նշել է, որ սփյուռքերը եւս պետք է զգան իրենց պատասխանատվությունը: «Հակառակ դեպքում, նրանք, ովքեր խախտում են Ռուսաստանի օրենսդրությունը, անկախ նրանից, թե ինչ ազգի են նրանք պատկանում, պետք է խիստ պատասխանատվության ենթարկվեն Ռուսաստանի օրենքների համաձայն:

Իսկ եթե այդ խախտողներն օտարերկրյա քաղաքացիներ են, նույնիսկ` մեր բարեկամ երկրների, նրանց նկատմամբ պետք է հասկանալի միջոցներ կիրառել, նրանց պարզապես պետք է վտարել երկրից, եթե պատասխանատվության կիրառման համար այլ սկիզբ չկա»,- նշել է  Դմիտրի Մեդվեդեւը: