Մեզ նորն է պետք. Թևան Պողոսյան

Օգնելով է սերը հաստատվում, սիրեք, մի վախեցեք սիրել

Այն ինչ արել եմ ու անում եմ, միշտ արել եմ հավատով։ Գնահատվելու կամ շնորհակալության համար չեմ արել։ Հավատացել եմ, թե ճիշտ բան է՝ արել եմ, չեմ հավատացել՝ չեմ արել։ Օգտագործվել եմ այլոց նեղ անձնական շահերի համար՝ երևի այո, մեկ-մեկ չգիտակցված, բայց դրանից ավելի շատ դասեր քաղելով, բայց հավատով, որ եթե այս մի հնարավորությունը չլինի, ապա ապագայում կարող է ավելի վատ լինել։

Համարու՞մ եմ ինձ պարտված՝ ոչ, տեսակս այդպիսինը չի։
Կորցրե՞լ եմ հնարավորություն մի բան ավելին անելու՝ այո։

Կանե՞մ յուրաքանչյուր քայլ, ինչ մտածել եմ, երազել եմ, մտահաղացմանը նպաստել եմ, կազմակերպել եմ, իրագործել եմ, արել եմ, եթե զգամ, որ պետք է նորից՝ այո։

Հոգնե՞լ եմ՝ ոչ։ Հիասթափվե՞լ եմ՝ միայն ինձանից, որ ավելին չեմ կարողացել։

Այսքանը գրեցի, որ հանգիստ գնամ արձակուրդ։ Ձեզ էլ խորհուդ եմ տալիս։ Վայելեք, հանգստացեք, բայց մի խնդրանք՝ վերադառնալուց հետո լծվենք կառուցողական աշխատանքի, նորը ստեղծելուն, ոչ թե հնի հետ կռիվ տալուն։ Մեզ նորն է պետք։

Արցախում լինեք, համեցեք՝ Ստեփանակերտ, Սախարովի 3, մեր տան հայտնի շուշաբանդը։

Մնացածը կշարոնակենք սեպտեմբերից։ Բոլորին լավ ու բարի հանգիստ եմ մաղթում ու թող Աստված պահապան լինի Ձեզ։

Հ.Գ. Հուսամ, որ այս մաղթանքս պարզապես հիմք կառաջացնի մտորելու և ականջալուր լինելու միասնության կոչերին ու եթե նույնիսկ ինձ որևէ բանի տեղ էլ չդնեք, ազգային միասնության կարևորությանը մատների արանքով չնայեք։ Խնդրում եմ։

Հ.Գ.Գ. «Արնախու՞մ» եմ, այո՝ թշնամիների հանդեպ։ Չոր եմ, այո՝ երբ արժեհամակրգիս են դիպչում։ Բայց հայի պարագայում, մեր քաղաքական դաշտի հանդեպ, ես միջազգային չինովնիկի կամ միջազգային կառույցում աշխատողի «այս ազգը» կամ «այս ժողովուրդը» հասկացությամբ չեմ կարող ապրել՝ ես միշտ թույլի, փոքրի, ոչ իշխանության, նեղվածի, անզգուշությամբ սխալ գործած հայի կողմն եմ լինելու՝ օգնելու համար։ Օգնելով է սերը հաստատվում։ Սիրեք, մի վախեցեք սիրել։

Թևան Պողոսյան