Դատարանն այսօր կալանավորեց առանձնակի դաժանությամբ քրոջը գլխատած 58-ամյա տղամարդուն

58-ամյա Վահրամ Մ.-ի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի ( սպանություն առանձնակի դաժանությամբ) հատկանիշներով
սպանություն

Այսօր՝ օգոստոսի 4-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնակատար Վահե Լաչինյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հրանտ Պետրոսյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Տավուշի մարզի բնակիչ, 58-ամյա Վահրամ Մ.-ի նկատմամբ, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի ( սպանություն առանձնակի դաժանությամբ) հատկանիշներով: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Դատավոր Աննա Մաթևոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը և Վահրամ Մ.-ն դատարանից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 1-ին զարհուրելի սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Էրեբունու բաժնի առջև, ծառայության մեկնող տեղի ոստիկանները, փողոցն անցնելիս նկատել էին մի տղամարդու, ում ձեռքին ցելոֆանե տոպրակ է եղել: Ցելոֆանի վրա արնանման հետքեր են եղել, և ոստիկանները մոտենալով այդ քաղաքացուն, հարցրել են, թե ինչու են տոպրակի վրա արնանման հետքեր և ինչ է տեղափոխում, վերջինս պատասխանել է, թե՝ հեչ, բան ա, տանում եմ, գցեմ:

Ոստիկանները կասկածելով այդ տղամարդուն, ցելոֆանե տոպրակը բացել էին և այնտեղ հայտնաբերել կանացի գլուխ:

Ոստիկանները տղամարդուն անմիջապես վնասազերծել էին և բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի, և ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ, պարզել են, որ այդ տղամարդը Տավուշի մարզի բնակիչ, 58-ամյա Վահրամ Մ.-ն է, ով Նոր Արեշ 11 փողոցի տներից մեկում դանակով գլխատել է քրոջը՝ 68-ամյա Մելանյա Մ.-ին:

Դեպքի վայրում աշխատում էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Լաչինյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հրանտ Պետրոսյանի գլխավորությամբ:

Տեղում Վ. Լաչինյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ՝ Հ Պետրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել էր քրգործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Տեղում աշխատում էին նաև դատական բժիշկը և ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին հանցագործության գործիք դանակը, որը քննիչի որոշմամբ առգրավվել է և նշանակվել էին մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: