Նման բան մենակ թուրքը կաներ. ապրիլյան պատերազմը դասագրքերում լուսաբանելու համար մեզ մեղադրում է 2 պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այլանդակություն և սրբապղծություն է, երբ ապրիլյան պատերազմը դասագրքերում լուսաբանելու համար մեզ մեղադրում են, այն էլ Ազգային ժողովի 2 պատգամավոր, 2 պատմաբան եւ 1 պետական գործիչ. պատմաբան

Այլանդակություն եւ սրբապղծություն է, երբ ապրիլյան պատերազմը դասագրքերում լուսաբանելու համար մեզ մեղադրում են, այն էլ Ազգային ժողովի 2 պատգամավոր, 2 պատմաբան եւ 1 պետական գործիչ: Այսօր՝ օգոստոսի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը՝ անդրադառնալով 2017 եւ 2019 թվականներին հրատարակված աղմկահարույց «Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» գրքին, որի հեղինակներից են նաեւ ներկայիս իշխանական պատգամավորներ Մարիա Կարապետյանն ու Սոս Ավետիսյանը, Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

«Այդ գրքում մասնավորապես ասվում է, մեջբերում եմ. «Ազգային ազատագրման այս պատմությունը հագեցած է միլիտարիզմի գաղափարախոսությամբ, զարմանալի է արագությունը, որով դասագրքի բովանդակությունը կլանում է ռազմատենչ բովանդակություն: Խոսքն այն մասին է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 2016թ. ապրիլյան սրացումից ընդամենը մի քանի ամիս անց դասագրքերում ներառել ենք 2 էջանոց պատմվածք, որն ավարտվում է հետեւյալ արտահայտությամբ՝ Արցախյան պատերազմի այս փուլն ապացուցեց, որ հայ ժողովուրդն իր համախմբվածությամբ, զինվորի եւ բանակի կողքին կանգնելու պատրաստակամությամբ անպարտելի է եւ պատրաստ է միշտ ինքնակազմակերպվելու, զինվորագրվելու հայրենիքի պաշտպանության սուրբ գործին:

Հիմա տեսեք՝ մեղադրանք հայ հեղինակներին, որ էնքան միլիտարիստ ենք, որ ապրիլյան պատերազմից հետո սեպտեմբերին լույս տեսնող դասագրքերում լուսաբանել ենք այն: Այսպիսի բան մենակ թուրքը կանի, բայց սրա տակ հայերն էլ են ստորագրել: Հասկանում եք՝ մեզ սրա համար մեղադրում է 2 պատգամավոր, պետական պաշտոնյա, 2 պատմաբան»,- ասաց Արտակ Մովսիսյանը: