Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարը Թուրքիային կոչ է արել չմիջամտել արաբական երկրների գործերին

«Հարաբերությունները չեն կառավարվում սպառնալիքներով, և մեր օրերում գաղութատիրական մոլորությունների համար տեղ չկա»,- գրել է Անվար Գարգաշը Twitter-ում

Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի պետական նախարար Անվար Գարգաշն այսօր հայտարարել է, որ Թուրքիան պետք է դադարի միջամտել արաբական երկրների գործերին, գրում է Reuters-ը։

Ինչպես նշում է աղբյուրը, Գարգաշն այդ հայտարարությամբ քննադատել է Լիբիայում ԱՄԷ-ի գործողությունների վերաբերյալ Թուրքիայի պաշտպանության նախարարի հնչեցրած մեկնաբանությունները։

«Հարաբերությունները չեն կառավարվում սպառնալիքներով, և մեր օրերում գաղութատիրական մոլորությունների համար տեղ չկա»,- գրել է Անվար Գարգաշը Twitter-ում:

ԱՄԷ-ն Եգիպտոսի և Ռուսաստանի հետ միասին աջակցում է Լիբիական ազգային բանակի հրամանատար, գեներալ Խալիֆ Հաֆթարին, որի մարտիկները մարտնչում են Տրիպոլիում միջազգայնորեն ճանաչված կառավարության ուժերի դեմ: Թուրքիան աջակցում է Տրիպոլիի կառավարությանը։