Հանրային խորհուրդը առաջարկել է կառավարությանը թույլատրել մինչեւ 30 մասնակիցներով խաղաղ հավաքները. Իոաննիսյան

Կարելի է ոչ թե արգելել բոլոր տեսակի հավաքների իրավունքը, այլ թույլատրել միայն որոշակի տեսակի հավաքները

Հանրային խորհրդում հավաքների իրավունքի սահմանափակման վերաբերյալ քննարկում եղել է եւ Հանրային խորհուրդը ներկայացրել է որոշակի առաջարկներ կառավարությանն ու պարետին: Այս մասին այսօր հավաքների ազատության սահմանափակման թեմայով քննարկման ժամանակ նշեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել իոաննիսյանը:

«Ես չեմ կարծում, որ ոստիկանների քանակը հավաքի վայրում ինքնին համաչափության գնահատման չափորոշիչ է, որովհետեւ ոստիկանությունն իր ուժերի քանակը որոշելիս առաջնորդվում է ավելի շատ կանխատեսմամբ, թե ինչքան մասնակից է սպասում է, ոչ թե փաստացի որքան եկավ»,-ասաց նա:

Անդրադառնալով հավաքների իրավունքի սահմանափակման իրավաչափությանը, Իոաննիսյանն ասաց. «Կորոնավիրուսի պայմաններում հավաքների սահմանափակումը հիմնավոր եւ տրամաբանական է: Բոլորս հիշում ենք ԲՀԿ-ի հավաքը ԱԱԾ-ի առջեւ, որից օրեր անց հենց ԲՀԿ-ում եղավ, այդ թվում ԲՀԿ պատգամավորների շրջանում, հիվանդության բռնկում: Սակայն կարելի է ոչ թե արգելել բոլոր տեսակի հավաքների իրավունքը, այլ թույլատրել միայն որոշակի տեսակի հավաքները, կամ թույլատրել որոշակի սահմանափակումները: Այս առումով Հանրային խորհուրդը առաջարկել է կառավարությանը թույլատրել մինչեւ 30 մասնակիցներով խաղաղ հավաքները եւ որոշակի պայմաններով: Մասնավորապես, պարտադիր պահպանել սոցիալական հեռավորություն, կրել դիմակ, չխչնդոտել երթեւեկությանը եւ սահմանափակել հավաքի ժամկետները»:

Նա հավելեց, որ գործադուլների արգելքը եւս անհամաչափ է, այո, պետք է արգելվեն առողջապահական կամ պետական որոշակի մարմիններում գործադուլները, սակայն այդ արգելքը չպետք է բացարձակ լինի ու տարածվի բոլորի վրա: