Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ Facebook-ում հրապարակված տեսանյութի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը կարճվել է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 31-ին, ԱԱԾ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի պաշտպան Լուսինե Սահակյանը:
«Մենք դիմել ենք ՀՔԾ, որ ստանանք գործի նյութերը, մեզ պատասխան է եկել, որ քանի որ պարոն Վանեցյանը հրավիրված է եղել որպես վկա, նյութեր չեն տրամադրելու, սակայն քրեական գործը կարճված է հանցակազմի բացակայության հիմքով:
Եթե մասնակիցների ցանկը նկատի ունենանք, հայտարարության բնույթից ելնելով, շատ հետաքրքրական է, թե ով է եղել այն անձը, որը պետք է հնարավոր մեղադրյալ լիներ: Որովհետեւ պարոն Վանեցյանը վկայի կարգավիճակ է ունեցել:
Այսինքն բացառման սկզբունքով այս երկրում մնում է մեկ պաշտոնյա, որին կարող էր հնարավոր մեղադրանք առաջադրել: Այստեղ արդեն պարոն Փաշինյանը թող պատասխանի՝ հրավիրվե՞լ է ՀՔԾ, թե չի հրավիրվել: Այդ մեկը պարոն Փաշինյանն է»,-հայտարարեց նա:
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ Facebook-ում հրապարակված տեսանյութի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել:
Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` «Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին»:
Հիշեցնենք՝ մայիսի 2-ին Facebook-ում հրապարակած տեսանյութում Մինասյանը պատմել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ Հռոմում հանդիպել է իրեն ու առաջարկել սիմվոլիկ գումար վճարել հայաստանյան հիմնադրամներից մեկին, դադարեցնել պայքարը Փաշինյանի դեմ և այլևս Հայաստան չվերադառնալ:
0Comments