Անկարայում կհանդիպենք մեր հույն հարևանների հետ. Թուրքիայի պաշտպանության նախարարն ասել է, որ կհարթեն տարաձայնությունները

Թուրքիայի պաշտպանության նախարարը նշել է, որ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում բոլոր հարևանների` այդ թվում Հունաստանի և Բուլղարիայի հետ

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն, Էդիրնեում պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, որ առաջիկա օրերին հանդիպում է սպասվում Անկարա ժամանող Հունաստանի պատվիրակության հետ: Այս մասին, ըստ tert.am-ի, տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:

«Առաջիկա օրերին Անկարայում հանդիպում է սպասվում մեր հույն հարևանների հետ: Այս և նմանատիպ հանդիպումներով փորձելու ենք լուծել առկա տարաձայնությունները: Մեր աշխատանքներն այդ ուղղությամբ շարունակվում են»,-հայտարարել է Աքարը Թուրքիայի պաշտպանության նախարարության բարձրաստիճան զինվորականների հետ Էդիրնեի Սելիմիե մզկիթում Կուրբան Բայրամ տոնի առիթով կատարած աղոթքից հետո:

Թուրքիայի պաշտպանության նախարարը նշել է, որ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում բոլոր հարևանների` այդ թվում Հունաստանի և Բուլղարիայի հետ:

Աթենքի և Անկարայի առանց այն էլ լարված հարաբերություններն է՛լ ավելի են սրվել Միջերկրական ծովի արևելյան հատվածում, մասնավորապես` Կիպրոսի ափերին Թուրքիայի կողմից հորատման աշխատանքներ սկսելուց և Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի` որպես մզկիթ վերաբացվելուց հետո: