Հիմա կա՞, թե՞ չկա կոռուպցիա, երբ ուղղակի թևերը քշտած, բյուջեի մեջ մխրճված՝ 120 մլն դոլար պարգևավճար են ստանում. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օրենքով չնախատեսված 120 մլն դոլարի պարգևավճար․ սա ակնհայտ բյուջեից գողություն է
Live24.am-ը ներկայացնում է

Այսօրվա վիճակը ես երկու մասի կբաժանեի․ այն պրոբլեմները, որ այսօրվա կառավարությունը ստեղծել է դեռ մինչև համավարակը և այն գործոնները, որոնք ավելացվել են համավարակի պատճառով։ Այս մասին հարցազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսությանը։

Նրա խոսքով՝ տնտեսական խնդիրների մի զգալի մասը արհեստածին են, կառավարության քաղաքականության արդյունք։

Պատասխանելով այն հարցին, թե իշխանության հավաստմամբ կոռումպացված նախարարներ այլևս չկան՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց․

«Օրենքով չնախատեսված 120 մլն դոլարի պարգևավճար․ սա ակնհայտ բյուջեից գողություն է։ Հիմա կա՞, թե՞ չկա կոռուպցիա։ Երբ ուղղակի թևերը քշտած, բյուջեի մեջ մխրճված՝ 120 մլն դոլար պարգևավճար են ստանում»,- ասաց Քոչարյանը։

Տնտեսական հաջողությունները հնարավոր է էլի կրկնել։ Քոչարյանը գտնում է, որ կառավարությունը պետք է միանվագ օգնություն տրամադրեր քաղաքացիներին այնքան ժամանակ, որքան այդ իրավիճակը՝ գործազրկությունը, շարունակվում էր, միաժամանակ չդնելով այնպիսի պայմաններ, որ մարդկանց համար բարդ և անհասկանալի լիներ ստանալը։ Նրա խոսքով՝ այսօր կան բիզնեսի այնպիսի ճյուղեր, որոնք պետք է փրկել։

«Այն ամենը ինչ կապված է տուրիզմի հետ՝ պետական աջակցության լուրջ կարիք ունի»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ դեռ խոսվում է 18-19-20 աջակցության ծրագրերի մասին։ Նախագահը նշեց, որ կառավարության աջակցությունը համարժեք չէ այն հարվածին, որը տնտեսությունը ստացել է պանդեմիայի պատճառով։

«Այսօր կառավարության հայտարարություններն ինձ համար համոզիչ չեն։ Ես հետևում եմ վիճակագրությունը և չեմ տեսնում լավատեսության աղբյուրը։ Չեմ կարծում, որ սովի ենք հասնելու, բայց այն փաստը, որ տնտեսությունը, նույնիսկ մեր Կենտրոնական բանկի կանխատեսումներով 4-5 տոկոս անկում է ապրելու՝ իրատեսական է։ Շատ տնտեսագետներ համարում են, որ անկումը լինելու է 10-12 տոկոսի չափով։ Չեմ կարծում, որ հնարավոր է հիմա շատ հստակ թիվ ասել, քանի որ հնարավոր է և՛ համավարակի երկրորդ ալիքը, և՛ այս ամենը կախված է համաշխարհային տնտեսության վերականգնման տեմպերից։ Միանշանակ է, որ լավ չի լինելու, խոսքը վատ լինելու խորության մասին է»,- նշեց Քոչարյանը՝ համեմատելով Հայաստանի դրությունը Վրաստանի հետ։

Նրա խոսքով՝ եթե կառավարությունը չընդունի իր սխալները, երբեք չի սովորի իր սխալների վրա։ Իսկ մեր երկրի կառավարությունը, ըստ Քոչարյանի տպավորության, երբեք չի ընդունի իր սխալները․ սա նաև իրենց կոմպլեքսներից է գալիս․ «Սխալների վրա սովորելու դասը լավ է յուրացվում սովորողի կողմից»,- ասաց նա։