Երբ որեւէ էական փոփոխություն չկա երկրում, խոստումները չեն կատարվում, քաղաքական տեսանկյունից սա ֆորսմաժո՞ր է, թե՞ ոչ տվյալ քաղաքական ուժի համար, ամեն ինչ կարող է շատ արագ փոխվել, շատ արագ զարգացում ստանալ, խնդիրն այն է, թե ընդդիմությունն ինչպես կվարվի, կկարողանա՞ իր խոսքը հասցնել հանրությանը, կկարողանա՞ համոզել, հանրությունը պատրա՞ստ է մանիպուլյացիաների չենթարկվել: Այս մասին «5-րդ ալիք», «Հ2» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով ներքաղաքական հնարավոր զարգացումների մասին եւ մեկնաբանելով այն դիտարկումը, թե շատ է քննարկվում, որ Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխություն հնարավոր է միայն ֆորսմաժորի պարագայում:
«5-10 տոկոս տնտեսական անկումը ֆորսմաժո՞ր է, թե՞ ոչ, իսկ եթե Կառավարությունը տվել է բազմաթիվ խոստումներ եւ դրանցից ոչ մեկը չի կատարել, դա քաղաքական ֆորսմաժո՞ր է, թե՞ ոչ: Մեկ հարց է, որ էյֆորիայի պարագայում մարդիկ բավարար ադեկվատությամբ չեն գնահատում իրավիճակը, եւ մեկ ուրիշ հարց, երբ մարդիկ ավելի սառը դատելով փորձում են գնահատել, թե այս Կառավարությունն ինչ է արել մեզ համար, ժողովրդիս համար: Թռիչքաձեւ տնտեսական աճն ո՞ւր է, նույնիսկ պանդեմիայից առաջ նախատեսում էին բյուջեով մոտ 5 տոկոս տնտեսական աճ, դա՞ է թռիչքաձեւ աճը»,- ասաց նա:
2-րդ նախագահը հիշեցրեց, որ ներկայիս իշխանությունները բազմիցս են խոսել տնտեսության կառուցվածքի փոփոխության մասին, խոստացել են ավելի բարձր ավելացված արժեք ստեղծող ոլորտների զագացում, մինչդեռ տեսնում ենք ճիշտ հակառակը. «Այսպիսի ինտենսիվությամբ ընդերքը Հայաստանում երբեք չի շահագործվել, այսօր ունենք ընդերքի անխնա օգտագործում: Խոսում էին ներառական տնտեսության մասին, հիմնական թեզերից մեկն էր, Աճեմօղլուի մասին էին խոսում, որ պետք է հրավիրեն, մենաշնորհների դեմ պայքարից էին խոսում, իսկ մենաշնորհները միայն ավելացել են: Փոքր ու միջին բիզնեսն ազատ անկման մեջ է, համատարած փակվում են: Համաճարակի դեմ պայքարն ուղղակի ձախողվել է: Կոռուպցիայի դեմ պայքարից խոսեցինք, պարզվեց՝ կոռուպցիայի ձեւն է ուղղակի փոխվել, պարզվել է, որ պետք չէ բյուջեից գողանալու համար բարդ սխեմաներ մտածել, կարելի է ուղղակի շատ հանգիստ պարգեւավճարի ձեւով բյուջեն մսխել: Ասում են՝ 100 մլն դոլար են հետ բերել, կարդում եմ բյուջեն եւ այն տողում, որտեղ պետք է դա երեւա, ուղղակի չկա, մի քանի մլրդ դրամ է, այլ եկամուտներ չեն երեւում: Միգուցե հետ են բերել, բայց ոչ բյուջե, թե ուր են բերել, ես չգիտեմ: Մի հատ նայեք՝ հարազատներ, խնամիներ, քավոր-սանիկներ, ինչպիսի կապեր կան խորհրդարանում, գործադիր իշխանության շրջանակում, ամեն քայլափոխի վրա»:
Ռոբերտ Քոչարյանի կարծիքով, պետական ծառայության համակարգն ուղղակի զրոյացվել է, մինչդեռ հենց այդ համակարգն է «թայֆայականության» դեմ պայքարի ամենաաարդյունավետ միջոցը. «Երբ որեւէ էական փոփոխություն չկա երկրում, խոստումները չեն կատարվում, քաղաքական տեսանկյունից սա ֆորսմաժոր է, թե ոչ տվյալ քաղաքական ուժի համար, ամեն ինչ կարող է շատ արագ փոխվել, շատ արագ զարգացում ստանա, խնդիրը՝ ընդդիմությունն ինչպես կվարվի, կկարողանա՞ իր խոսքը հասցնել հանրությանը, կկարողանա՞ համոզել, հանրությունը պատրա՞ստ է մանիպուլյացիաների չենթարկվել»:
Դիտարկմանը, թե ընդդիմությանը որակում են իբրեւ հին, օրինակ «Հայրենիք», ԲՀԿ, ՀՅԴ եռյակը դեռ չձեւավորված հիմքերը թուլանում են կամ թուլացվում են, եւ այս իշխանությունները շեշտը դնում են դրա վրա, որ այլընտրանքը հինն է, 2-րդ նախագահն արձագանքեց. «Կառավարությունն ու իշխող ուժը չեն հասկացել, որ իրենք շատ լուրջ եւ ուժեղ ընդդիմության կարիք ունեն, եւ ինչքան թուլացնեն այդ ընդդիմությունը, այդքան իրենք ոչ արդյունավետ են լինելու, երկիրն ուժեղ ընդդիմության կարիք ունի այսօր: Իմ տպավորությունն է, որ տուգանելու, մարդկանց ահաբեկելու, փոքր միայնակ բողոքի ցույցերի արգելքները գալիս է դրանից, որ իշխանությունը տեսնում է, որ իրավիճակը վատանում է եւ փորձում է թույլ չտալ որեւէ քաղաքական ակտիվություն: Ինձ մոտ հարց է առաջանում՝ այս արտակարգ դրությունն ինչի՞ համար է՝ քաղաքական հնարավոր գործընթացը կանխելո՞ւ, թե՞ համավարակը, քանի որ չի երեւում, որ սա համաճարակի հետ կապ ունեցող արտակարգ դրություն է: Քանի որ իրենք սկսել են 10-11 հոգով քայլելուց, մտածում են՝ պաստառով եւ քաղաքական պահանջով մեկ մարդը վաղը կարող է դառնալ տասը, հարյուր, հազար: Կարծում եմ՝ նաեւ ներքին մոտիվացիան սա է՝ թույլ չտալ որեւէ քաղաքական զարգացում, որը կարող է լայնամասշտաբ ծավալներ ունենալ, ուրիշ պատճառ ես չեմ տեսնում: Իմ տպավորությունն է, որ եթե հատուկ որոշում կայացնեին ամեն ինչ անել, որ ինչքան հնարավոր է՝ շատ մարդ վարակվի, այսքան մարդ չէր վարակվի, հետեւաբար ինչո՞ւ են սահմանափակումների մեջ պահում այս ժողովրդին»:
0Comments