Այսօրվա իշխանությունը երկիրը տանում է այնտեղ, որտեղից հիմա բոլորը փախչում են. Ռոբերտ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ակնհայտ է, որ այս տարածաշրջանում էական մրցակցություն է լինլու Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև

Չկա հստակ բնութագրիչ, որը կբնութագրի Հայաստանի այսօրվա արտաքին քաղաքականությունը: Այս մասին այսօր` հուլիսի 29-ին, երեք հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչպես կբնութագրի այսօրվա արտաքին քաղաքականությունը:

«Ես չգիտեմ, չկա բնութագրիչ, տարերային, իրավիճակային, կապված տրամադրության, կոնկրետ մարդու, կառավարության , միգուցե եղանակի հետ, իմ համար հասկանալի չէ այսօրվա արտաքին քաղաքականության բովանդակությունը: Մենք ճիշտ արտաքին քաղաքականություն վարելու համար պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում աշխարհում:

Ես խիստ կասկածում եմ, թե այսօր Կառավարությունը ճիշտ է գնահատում այն գլոբալ փոփոխությունները, որոնք այսօր տեղի են ունենում աշխարհում: Ակնհայտ է, որ կա երկու գործընթաց այսօր, մեկը` բազմաբեւեռ աշխարհի ձեւավորումն է, որն այսօր փաստ է, եւ այդ բազմաբեւեռ աշխարհի ձեւավորման գործընթացում էապես աճում է տարածաշրջանային հզոր պետությունների դերը այս տարածաշրջանում:

Ակնհայտ է, որ այս տարածաշրջանում էական մրցակցություն է լինլու Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, եւ երբ  չկա միաբեւեռ, դոմինանտ պետություն, ապա, իհարկե, այս գործոնները փոխվում են: Մեկ ուրիշ գործընթաց էլ կա, որի վրա ուշադրությունը շատ ավելի նվազ է. Սովետական միության փլուզվելուց հետո ձեւավորվեց միաբեւեռ աշխարհ՝ Միացյալ նահանգների առաջնորդությամբ, եւ այն ժամանակ տնտեսական գլոբալիզացումը կապվեց մեկ այլ` տեսության մեջ ասում են նեոգլոբալիզմի հետ:

Գլոբալիզացիան ոչ միայն տնտեսական է, այլ նաեւ գլոբալիզացվում են արժեքային համակարգը, քաղաքակրթական, մշակութային տարբերությունները, այսպես ասած, աշխարհի հոլիվուդացում, ես նույնիսկ տերմին եմ օգտագործում՝ աշխարհի սորոսիզացիա: Այստեղ խոսքը Սորոսի մասին չէ, փոխաբերական իմաստով է, այն ավելի լայն է:

Հազարավոր դոլարներ է ծախսվել մեծ թվով հկ-ներ ստեղծելու համար, որոնց հիմնական նպատակն է եղել այդ գլոբալիզացիայի վրա այդ թեզը առաջ տանել»,-ասաց նա: