ՀՀ-ում կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել. այս արդյունքի անկյունաքարը դիմակների պարտադիր կրումն է. Ն․ Փաշինյան

Անկախ լավատեսական լուրերից՝ հակահամաճարակային կանոնները կմնան նույնը. վարչապետ

Նոր տիպի կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը ՀՀ-ում էականորեն բարելավվել է և վերջին 4-5 օրերի տվյալներով՝ մենք կարող ենք ասել, որ կորոնավիրուսի ամենօրյա դեպքերի թվով մենք վերադարձել ենք մայիս ամսվա վերջին մակարդակին: Այս մասին այսօր Կառավարությունում  պարետատան նիստից հետո մեկնարկած ճեպազրույցի ժամանակ  ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ ծանր հիվանդների թիվը հասել է մայիս ամսվա վերջին եղած ցուցանիշներին  և ծայրահեղ ծանր հիվանդների ցուցանիշը հասել է հունիս ամսվա սկզբի մակարդակին: «Իհարկե, այս համեմատությունը հարաբերական է, քանի որ ծայրահեղ ծանր հիվանդների թիվը նվազել է ոչ միայն բուժումների, այլև մահվան դեպքերի պատճառով, այսօրվա դրությամբ՝ ՀՀ-ում 723 մահ է գրանցվել կորոնավիրուսից և ես ուզում եմ մեր ցավակցությունը հայտնել բոլոր մահացածների ընտանիքներին, հարազատներին»:

«Ակնհայտ է, որ Հայաստանում կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել և ակնհայտ է նաև, որ այդ բարելավումը ուղղակիորեն կապված է Կառավարության ձեռնարկած հակահամաճարակային միջոցառումների հետ, մեր համոզմամբ՝ այս արդյունքի անկյունաքարը դիմակների պարտադիր կրումն է փակ և բաց տարածքներում»,- ասաց նա:

Երկրի ղեկավարի խոսքով՝ այս ամենի մասին ծանուցելու նպատակն այն է, որ մարդիկ վիրուսի տարածման ցածր ցուցանիշների ֆոնին չթուլացնեն զգոնությունը, քանի որ հակառակ դեպքում, շատ հեշտությամբ կարող ենք վերադառնալ կրկին ճգնաժամային իրավիճակին: Ըստ նրա՝ անկախ բոլոր հանգամանքներից և լավատեսական լուրերից՝ հակահամաճարակային կանոնները կպահպանվեն։

Նա նշեց, որ համապատասխան մարմինները շարունակելու են ուժեղացված վերահսկողություն իրականացնել և հետևել սահմանված կանոնների կատարմանը: Վարչապետի խոսքով՝սահմանափակումների թուլացումը նրանց ամենօրյա քննարկումների հարցն է, սակայն շեշտեց, որ Հայաստանն այս պահին սահմանափակումների թուլացմանը պատրաստ չէ: Նա հավելեց նաև, որ այն մարդիկ, որոնք ենթադրել էին, որ օգոստոս ամսին կարող են օգտվել օդային տրանսպորտից, մեկնել այլ երկիր՝ պետք է հանգիստը կազմակերպեն ՀՀ-ում, որը կօգնի զարգացնել ներքին տուրիզմը: