Խաղաղ հավաքների անցկացման արգելքը պետք է դիտարկվի որպես ծայրահեղ միջոց։ Մասնավորապես հանրային առողջության պաշտպանության նպատակով հավաքների արգելքը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում։ Այս մասին Ժնևում հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը՝ հրապարակելով մեկնաբանություններ՝ «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի» հետ կապված։
17 էջանոց մեկնաբանությունները վերաբերում են դաշնագրի 21-րդ հոդվածին, որում հռչակված է խաղաղ հավաքների իրավունքը։ Հանձնաժողովը բացատրել է, որ «վերջին իրադարձությունները՝ ներառյալ COVID-19 համաճարակը, ստեղծել են այդ հոդվածի իրացման համար աննախադեպ խնդիրներ, իսկ աշխարհում լայն տարածում գտած Black Lives Matter շարժմանն աջակցելու մասին հայտարարություններն ընդգծել են դրա կարևորությունը»։
Մեկնաբանություններում ասվում է, որ այս կամ այն խաղաղ հավաքը կարող է արգելվել միայն ծայրահեղ դեպքում․ «Եթե պետք է կիրառվեն որոշակի սահմանափակումներ հավաքների մասով, ապա իշխանությունները պետք է կիրառեն այնպիսի միջոցներ, որոնք հնարավորինս բացառում են իշխանությունների միջամտությունը։ Միևնույն ժամանակ, իշխանությունների որոշումները՝ կապված հավաքին մասնակցող այս կամ այն անձանց հետ, պետք է կիրառվեն անձնական հիմքով, այլ ոչ թե վերաբերեն հավաքի բոլոր մասնակիցներին»։
Հատուկ ընդգծված է, որ առողջության պահպանման նպատակով հավաքների արգելքը կարող է կիրառվել բացառիկ դեպքերում, մասնավորապես` երբ կա ինֆեկցիոն հիվանդության բռնկում, և հավաքները վտանգ են ներկայացնում։
Անդրադարձ է արվել նաև դիմակների կրմանը․ «Խաղաղ հավաքների ժամանակ մասնակիցների կողմից դիմակի կրումը իշխանությունների կողմից չպետք է դիտարկվի որպես բռնություն գործադրելու մտադրություն։ Պետք է թույլատրել հավաքներին անանուն մասնակցությունը, եթե ցուցարարների վարքագիծը ծանրակշիռ հիմք չի տալիս ձերբակալություն իրականացնելու համար։ Յուրաքանչյուրը, ներառյալ` երեխաները, կանայք, օտարերկրացիները, աշխատող ներգաղթյալները, փախստականները, կարող են իրացնել խաղաղ հավաքների իրավունքը, որը կարող է տարբեր ձևեր ունենալ՝ հասարակական և մասնավոր տարածքում, շինությունների մեջ և դրսում, ինչպես նաև` առցանց»,- հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի հատուկ զեկուցող Քրիստոֆ Հեյնսը։
0Comments