Դուշանբեի «մեղրամիսը» ոչ ոք չի մոռացել

Տավուշյան մարտերից հետո Նիկոլը, գուցե գիտակցելով Ռուսաստանի իրական դերը տարածաշրջանում, փորձեց պախկվել վաղուց հայտնի և իրականությանը համապատասխանող բանաձևի հետևում

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով իր դիտարկումները Նիկոլ Փաշինյանի՝ ռուսական РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցի վերաբերյալ։

«Խոսելով Տավուշյան վերջին մարտերի մասին՝ Նիկոլ Փաշինյանը կրկին չզսպեց իր գայթակղությունը հայկական զինուժի գրագետ ու ճշգրիտ գործողությունները կապել Հայաստանի վերջին 2 տարիների «բարեփոխումների» հետ: Այդ թեզը շատ էր քննադատվել այս օրերին, և Նիկոլը կառավարության նիստի իր ելույթում ավելի կոռեկտ էր ձևակերպում այս հարցով իր ասելիքը, քան՝ հարցազրույցում: Զարմանալի չէ: Նա հաճախակի և կտրուկ է փոխում իր տեսակետները տարբեր հարցերով»,-գրել է Աշոտյանը:

Աշոտյանի դիտարկմամբ՝ թեև սորոսական կազմակերպությունների զգալի մասը Հայաստանում գրանցվել է նախորդ իշախանությունների ժամանակ, սակայն երբեք այդ կառույցները և իրենց ներկայացուցիչները չեն ընդգրկվել պետական կառավարման ապարատում, այն էլ՝ բարձրագույն մակարդակով․ «Նրանք երբեք պետական քաղաքականության մշակման և իրագործման վրա որոշիչ ազդեցություն չեն ունեցել: Նրանք երբեք չեն եղել կառավարական «տանիքի» ներքո»:

«Սահմանին և շփման գծում միջազգային մոնիթորինգի համակարգ ներդնելու մասին խոսելով՝ Փաշինյանը կրկին փորձեց խաբել՝ իր վրայից գցելով մեղքը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները ջրելու և բանակցային սեղանից հեռացնելու հարցում: Զուր. Դուշանբեի «մեղրամիսը» ոչ ոք չի մոռացել»,- գրել է նա:

«Տավուշյան մարտերից հետո Նիկոլը, գուցե գիտակցելով Ռուսաստանի իրական դերը տարածաշրջանում, փորձեց պախկվել վաղուց հայտնի և իրականությանը համապատասխանող բանաձևի հետևում՝ պայմանավարելով հայ-ռուսական հարաբերությունները հենց երկու ժողովուրդներով: Ասեմ, որ Ռուսաստանի իշխանությունները դա լավ հասկանում եմ, դրա համար են նաև առաջին հայացքից պասիվ արձագանքում Հայաստանի իշխանությունների հակառուսականությանը, որպեսզի հնարավոր պատասխան գործողություններով չվնասեն հայ ժողովրդին և հայ-ռուսական իրական օրակարգին»,- գրել է Աշոտյանը։