Բուհեր չընդունված դիմորդների ակցիայի մասնակիցներից մեկը Ռոբերտ Քոչարյանին սատարողներից է

Մրցույթ պետք է տեղի ունենա այն դիմորդների միջև, որոնք նույն տեղի համար են դիմել. Արայիկ Հարությունյան

Երկար տարիներ, նախկին իշխանությունները չեն ցանկացել կրթության ոլորտում այս բարեփոխումը իրականացնել, որովհետև սա ստեղծում է մի համակարգ, որտեղ դիմորդն ունենում է 2-3 «էլիտար» մասնագիտություն սովորելու հնարավորություն, դիմում է այդտեղ, թե կընդունվեմ-կընդունվեմ, չէ, այլ մասնագիտություններ էլ կան: Այս մասին Հանրային Հեռուստաընկերությունում կայացած հարցազրույցի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով բուհեր չընդունված դիմորդների ակցիայի և խնդրի առաջացման մասին:

Ըստ նրա՝ փորձը ցույց է տվել, որ այդ «էլիտար» մասնագիտություններում չընդունվողներն իրենց բարձր գնահատականներով տեղափոխվում են դիմորդների տեղը, որոնք իրականում սկզբից մտադրված էին այդ մասնագիտությունը ստանալ:

«Եվ մենք ունենում էինք մի իրավիճակ, որ օրինակ՝ Կրոնագիտությունում, Աստվածաբանությունում երկար տարիներ ավարտում էին մարդիկ, որոնք իրավաբանական էին ցանկանում ընդունվել և ունենում էինք պատկեր, որ այդ ֆակուլտետներ ընդունվածներն ավարտում և ու չէին աշխատում այդ մասնագիտությամբ: Մրցույթ պետք է տեղի ունենա այն դիմորդների միջև, որոնք նույն տեղի համար են դիմել»,-ասաց նա և հավելեց, որ սա կարևոր բարեփոխում է:

Նա նշեց, որ նման փոփոխություններ էլի կլինեն: Ըստ նրա՝ դրանք ցավոտ են, բայց այս փուլերը պետք է անցնել: Այն հարցին, թե ինչու այս փոփոխությունների մասին չի ծանուցվել դիմորդը, Հարությունյանը պատասխանեց, որ դիմորդը հայտը լրացնելիս պետք է ծանոթանար կարգին: «Այսինքն, մենք ո՛չ ուզում ենք կարդալ, ո՛չ ուզում ենք լսել, այլ ինչ միջոցով պետք է դա հասանելի դառնար»:

Խոսելով դիմորդների կողմից իրականացվող ակցիայի մասին՝ նախարարն ասաց, որ այս բողոքներն արդեն քաղաքական երանգ են ստանում: «Որովհետև այստեղ ներգրավված և կազմակերպող անձանցից մեկը Ռոբերտ Քոչարյանին սատարողներից է և ուզում եմ ծնողներին զգուշացնել, որ չընկնեն այս հոսանքների մեջ»,- ասաց նա և հավելեց, որ այդ կազմակերպիչներից մեկի որդին այլ հայտով ընդունվել է բուհ, սակայն այս ալիքից օգտվելով՝ փորձում են այնպես անել, որդին ընդունվի այն ֆակուլտետ, որն առաջին հայտով է նշել:

Նա ներկայացրեց, որ շատերի խնդիրներն արդեն լուծվել են, սակայն ակցիայի մասնակիցներից շատերը չէին սպասել երկուշաբթի օրվա այն հանդիպմանը, որը պետք է տեղի ունենար փոխնախարարի հետ և արդեն շաբաթ օրով կոշտ հայտարարություններ էին արել: Հարությունյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ սադրանքներին պետք չէ տրվել, քանի որ վերջին օրերի ակցիաներին ավելի շատ մասնակցում են ոչ թե դիմորդներն ու նրանց ծնողները, այլ քաղաքական թիմի անդամները:

Անդրադառնալով կրթության նոր չափորոշիչների թեմային, ըստ որի՝ դպրոցական գրականության դասընթացներից դուրս են բերվում մեծանուն գրողների անունները և դպրոցներում «Հայ գրականություն» առարկայի փոխարեն պետք է լինի «Գրականություն» առարկան: «Ես չեմ հասկանում, թե այս կեղծիքն ու սուտը որտեղից է գալիս, նույնիսկ այն դեպքում, երբ դու հերքում ես տարածում, միևնույն է այս կեղծիքն ու սուտը գալիս են կարևոր հետազոտական բուհական կենտրոններից»,- ասաց նա և հավելեց, որ գրականագետ Դավիթ Գասպարյանը, ով դեմ է այս փոփոխություններին, հենց ինքն է ժամանակին գրել դասագրքեր, որտեղ միայն գրված է եղել «Գրականություն»:

«Ուզում եմ հասկանալ՝ այս մանիպուլիացաներն ու կեղծիքներն ինչի համար են, որ ստվերե՞ն այս ամբողջ գործընթացը, չի հաջողվելու: Ես հասկանում եմ, թե այս աղմուկը որտեղից է, որովհետև մի մեծ խումբ, որը նախկինում դասագրքեր է գրել և «ապահովվել» մեր զարգացումն ու չզարգացումը դպրոցներում, հիմա դուրս է մնացել այս գործընթացներից»,- ներկայացրեց նա և հավելեց, որ հիմա այս գործընթացին են մասնակցում շատ ուսուցիչներ, որոնք ավելի շատ են շփվել աշակերտի հետ և գիտեն, թե ինչ պետք է փոխանցել: