Հայաստանում կան առողջ ուժեր, որոնք Ռուսաստանի հետ համագործակցում են. Արա Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Առանց Ռուսաստանի հետ կապերի Հայաստանը շատ լուրջ եւ դաժան ծուղակում է հայտնվելու, կարծես թե պատմությունը կարող է կրկնվել

Մարգարիտա Սիմոնյանի գրառումը Հայաստանի իշխանության երկու տարվա հետեւողական աշխատանքի արդյունքն էր, այլ բան չէի էլ սպասում: Այս մասին այսօր` հուլիսի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, որը մեղադրվում է Հիմնադրամի միջոցները անձնական նպատակներով օգտագործելու մեջ: Վերջինս ներողություն է խնդրել իր արարքի համար եւ ազատ է արձակվել 10 մլն գրավի դիմաց:

«Իհարկե, ցավալի է լսել, որ քո ազգի մի ներկայացուցիչ քո իշխանություններին նման տոնով է դիմում: Ցանկացած խնդիր ունի երկու կողմ. Մի կողմում կա մարդ, որ մտահոգված է Հայաստանի ապագայով եւ բարձրաձայնում է այն, ինչ որ ինքը կարծում է, մյուս կողմում ունենք իշխանություններ, որոնք որեւէ կերպ այդ բարձրաձայնած հարցերին չեն էլ պատասխանել: Մենք հիմա տեսնում ենք, որ համաձայն Forbs-ի աշխարհի ամենաազդեցիկ 5 կանանցից մեկը, որը նաեւ լրագրող է, դիմում է 20 դոլարով հոդված գրող լրագրողին: Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանի եւ Ռուսաստանի շփման մակարդակը այդքան իջել է: Դրա վկայությունը նաեւ վերջին ռազմական գործողությունների ժամանակ ՌԴ նախագահի հետ որեւէ հեռախոսազրույց չունենալն է»,-ասաց նա:

Վարդանյանը հայտարարեց, որ գնալով Հայաստանում հակառուսական տրամադրություններն ավելանում են. «Մենք գիտենք, որ Ռուսաստանում ապրում է 2.5-3 մլն հայ: Բացի այդ, յուրաքանչյուր տարի հարյուր հազարավոր հայեր մեկնում են Ռուսաստան արտագնա աշխատանքի: Մի պահ պատկերացրեք, որ մեր հարաբերություններն այնքան վատանան, որ մեր խոպանչիները չկարողանան գնալ Ռուսաստան: Սա տնտեսապես շատ վտանգավոր է, եւ մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ Ռուսաստանի հետ պետք է լինեն արժանահավատ հարաբերություններ: Խնդիրն այն է, որ ՌԴ ղեկավարությունն այսօր չի վստահում հայաստանի ղեկավարությանը: Առանց Ռուսաստանի հետ կապերի Հայաստանը շատ լուրջ եւ դաժան ծուղակում է հայտնվելու: Կարծես թե պատմությունը կարող է կրկնվել»:

Արա Վանդանյանը համոզմույք հայտնեց, որ այս իշխանությունները եկել են երկու նպատակ իրականացնելու՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների չեղարկում եւ Արցախի հարցի ոչ հայանպաստ լուծում. «Նիկոլ Փաշինյանն ընտրել է մարտավարություն, որ իրեն պաշտպանում են վարձու պաշտպաններ, բայց այդ մարտավարությունում էլ ինքը պարտվելու է, որովհետեւ հայ ազգն ավելի խելացի է, քան Նիկոլ Փաշինյանին թվում է: Հայաստանում կան առողջ ուժեր, որոնք Ռուսաստանի հետ համագործակցում են: Կասկած չունեմ, որ թե Սերժ Սարգսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը այն մարդիկ են, որոնց շնորհիվ դեռեւս այդ կապը կա, դեռեւս պահպանվում են բարիդրացիական հարաբերություններ»: