Թե Սերժ Սարգսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը կողմնորոշիչ դեր են ունենալու ընդդիմադիր դաշտում. կասկած չունեմ

Մենք ունեցել ենք երկու փառահեղ մարդիկ՝ նախագահներ Քոչարյանը եւ Սարգսյանը, որոնց ջանքերի շնորհիվ այսօր Արցախը մերն է, Արցախը ազատագրվել է, Հայաստանը կայուն զարգացել է

Ես կասկած չունեմ, որ մինչեւ տարեվերջ հավաքների արգելքը կպահպանվի: Այս մասին այսօր` հուլիսի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, որը մեղադրվում է Հիմնադրամի միջոցները անձնական նպատակներով օգտագործելու մեջ: Վերջինս ներողություն է խնդրել իր արարքի համար եւ ազատ է արձակվել 10 մլն գրավի դիմաց:

Անդրադառնալով ընդդիմության գործունեությանը, Արա Վարդանյանն ասաց. «Ցանկացած քաղաքական պրոցեսի շարժիչ ուժը ժողովուրդն է: Ինչքան էլ ընդդիմադիր լինես, ինչքան էլ լավը կամ վատը լինես, դու առոչինչ ես, եթե չունես մարդկանց սատարում: Նիկոլ Փաշինյանի շնորհիվ այս երկու տարում Հայաստանում ձեւավորվել է շատ լուրջ ընդդիմադիր դաշտ: Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ մենք ունենք կայացած, գրագետ տարբեր ոլորտի մասնագետներով լի ընդդիմադիր դաշտ: Այլ բան է, որ այդ ընդդիմադիր դաշտը չի կարողանում ազդել Նիկոլ Փաշինյանի տարբեր որոշումների վրա, քանի որ ունենք միանձնյա իշխանություն:

Ընդդիմադիր դաշտում միասնություն լինելու է եւ այդ միասնությանը դրդելու է ժողովուրդը: Ես կասկած չունեմ, որ առաջին իսկ բողոքի ակցիայի ժամանակ մենք ականատես ենք լինելու, թե ինչպես են հազարավոր մարդիկ հայտնվում փողոցում՝ դեմ խոսելով այս իշխանությանը: Թե ով կղեկավարի ընդդիմությունը, դա պարզ կլինի պայքարի ընթացքում: Կասկած չունեմ, որ ընդդիմադիր դաշտում շատ լուրջ, կողմնորոշիչ դեր են ունենալու թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը:

Երկու տարի Նիկոլ Փաշինյանը փորձում է այնպես անել, որ ընդդիմադիրներս ամաչենք կամ չնշենք նախագահների անունները: Բայց մենք ունեցել ենք երկու փառահեղ մարդիկ՝ նախագահներ Քոչարյանը եւ Սարգսյանը, որոնց ջանքերի շնորհիվ այսօր Արցախը մերն է, Արցախը ազատագրվել է, Հայաստանը կայուն զարգացել է:

Երբ խոսում են կոռուպցիայից, ես դրա վրա թքած ունեմ, ինձ համար կարեւոր է, որ իմ երկրի ղեկավարը պետականամետ մարդ լինի»,-ասաց նա:

Վարդանյանը անդրադարձավ նաեւ բանակին՝ նշելով. «Ցավում եմ, որ որոշ մարդիկ փորձում են բանակի հաղթանակը վերագրել Նիկոլ Փաշինյանին. «Այո նա երկրի վարչապետն է, բայց ցավոք, որեւէ կապ չունի Հայաստանի բանակի հետ: