9 լեզուներով երգ՝ Սուրբ Սոֆիայի մասին. Էրդողանը Twitter-ում հոլովակ է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այա Սոֆիա, դու պարզապես քար չես, քո անունը մենք գովաբանում ենք ամբողջ աշխարհում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter-ի իր էջում Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի մասին 9 լեզուներով երգի տեսահոլովակ է հրապարակել, tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է ria.ru-ն։

Տեսահոլովակին մասնակցել են տարբեր մուսուլմանական երկրների կատարողներ, որոնցից յուրաքանչյուրը երգի մի հատվածը երգում է իր լեզվով՝ ղրղզերեն, բոսնիերեն, ալբաներեն, արաբերեն, ադրբեջաներեն, քրդերեն, սուահիլի, բենգալերեն, թուրքերեն լեզուներով։

«Այա Սոֆիա, փոթորիկներից ու կիզիչ արևից մենք կպատսպարվենք քո ստվերում։ Մենք կկանգնենք քո առջև՝ առանց երկմտելու, և դու կհպարտանաս Ֆաթիհի թոռներով (1453 թվականին Ստամբուլը նվաճած Մեհմեդ II )։ Այա Սոֆիա, դու պարզապես քար չես, քո անունը մենք գովաբանում ենք ամբողջ աշխարհում։ Մենք կարոտել ենք միմյանց»,- հերթով երգել են կատարողները։