Պահանջում են աշխատանք. աշխատատեղ չկա, մեր վերջին հույսը մնացել է «Լիդիանը». Գնդեվազի բնակիչ

Շրջափակող կողմը երբեք չի ներկայացրել համայնքը, իրենց 90 տոկոսը Երևանից եկած են, իրենք երբեք չեն ներկայացրել համայնքը

Ջեմուկի, Գնդեվազի, Գորայքի և Ամուլսարին հարակից այլ համայնքների բնակիչները ստորագրահավաք են անցկացրել, ապա նաև նամակ են ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում ներկայացնում են համայնքներում սոցիալական ծանր վիճակը։ Մեզ հետ զրույցում Գնդեվազի բնակիչ Նարեկ Հովհաննիսյանը, որը նամակի հեղինակներից մեկն է, ասաց, որ շուրջ 1200 ստորագրություն է հավաքվել, որը նպատակ ունի կառավարությանը ցույց տալու, թե Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողները մեծամասնություն չեն և չեն ներկայացնում ժողովրդին․
«Բազմաթիվ անգամներ հայտարարվել է, որ ամբողջ համայնքը դեմ է հանքարդյունաբերությանը, բազմթիվ անգամներ հայտարարվել է, որ մի քանի հազարանոց Ջերմուկ, Գնդեվազ, Գորայք համայնքները չեն ուզում, որ իրենց տարածքում հանք լինի։ Մենք ուզում ենք կառավարությանը ցույց տալ, որ այդպես չէ։ Իրենք միշտ բերում են այն փաստը, որը համայնքը դեմ է, ոչ, համայնքը դեմ չէ։ Համայնքը ամեն վայրկյան ուզում է, որ այդ հանքն աշխատի, ուզում է, որովհետև արտագնա աշխատանք չկա, ժողովրդի վիճակը շատ վատ է, կորոնավիրուսային ժամանակներ են, ինքներդ էլ ինձնից լավ գիտեք, թե մեր գյուղերում ինչ է կատարվում։ Հիմա եթե ամբողջ համայնքը դեմ էր, բա ինչպե՞ս է ստացվում, որ մենք ունենք 1200-ից ավել ստորագրություն։ Քանի որ հայտարարվում է, որ ամբողջ համայնքը դեմ է, մենք փորձեցինք կառավարությանը հակառակն ապացուցել, որ մենք կանգնած ենք կառավարության կողքին և պահանջում ենք, որ Ամուլսարի հարցում իրենք վճռական որոշում կայացնեն։ Մենք այդ հարցում երկրորդ տարբերակ չենք էլ տեսնում, որովհետև օրինականության վերականգնմանը այլընտրանք չի կարող լինել»,- ասաց Հովհաննիսյանը։ 

 

Նամակում բնակիչները, որոնք հանքի նախկին աշխատակիցներն են, «Լիդիան»-ից աշխատատեղեր են խնդրում հանքի տարածքից դուրս, քանի որ կառավարությանը ուղղված դիմումներն անպատասխան են մնացել․

«Մենք դիմել ենք «Լիդիան Արմենիային», որպեսզի մեզ ապահովի ինչ-որ աշխատանքով, որպես սոցիալական աջակցություն՝ հնարավոր է, որ մեզ տրամադրեն աշխատանք հանքի հետ կապված, բայց ոչ հանքի տարածքում։ Մեծ հիմնարկ է, և իրենք էլ շատ լավ հասկանում են ժողովրդի սոցիլական վիճակը, մինչև այսօր իրենք ամեն հարցում ժողովրդի կողքին են եղել, և մեզ մոտ մտահղացում առաջացավ, որպեսզի դիմենք՝ էլի կանգնեն մեր կողքին, քանի որ էլ մարդ չկա, որին կարող ենք մենք դիմել։ Դիմում ենք կառավարությանը, ոչ մի արձագանք չենք ստանում, դիմում ենք վարչապետին, որևէ արձագանք չենք ստանում, աշխատատեղ չկա, մեր վերջին հույսը մնացել է «Լիդիանը», որ փորձեց Ամուլսարի ծրագրում մեզ համար ինչ-որ աշխատանք ապահովել»,- ասաց Գնդեվազի բնակիչը։

Հովհաննիսյանին հարցրինք՝ ինչպե՞ս է պատկերացնում հարցի հանգուցալուծումը՝ նկատի առնելով նաև, որ վերջերս հանքը շրջափակած քաղաքացիների և անվտանգության աշխատակիցների միջև բախումներ եղան, որոնց խառնվեց նաև ոստիկանությունը․

«Շրջափակող կողմը երբեք չի ներկայացրել համայնքը, իրենց 90 տոկոսը Երևանից եկած են, իրենք երբեք չեն ներկայացրել համայնքը։ Թող որևէ մեկը մյուս կողմից իմ հող ու ջրի մասին չմտածի ավելի շատ, քան ես։ Ես այդ գյուղում ծնված, մեծացած մարդ եմ, երբեք չի կարող Երևանից եկած, կասկածելի աղբյուրներից սնվող բնապահպանը իմ, իմ առողջության ու իմ տան մասին ավելի շատ մտածել, քան ես։ Ենթադրենք խոսում ենք հանրաքվեի մասին, ենթադրենք հանրաքվե է անցկացվում, որ, օրինակ, «Երևան Սիթի»-ն սեփականից դառնա ժողովրդինը, կարծում եմ՝ 90 տոկոսը համաձայն կլինի, որ դա դառնա ժողովրդինը, բայց դա սեփականության իրավունքի խախտում է։ Այդ տարածքը սեփականության իրավունքով պատկանում է «Լիդիան Արմենիա» ընկերությանը, և որևէ կերպ անհնար է հանրաքվեի մասին անգամ մտածելը։ Ես լուծումը տեսնում եմ միայն սեփականության վերականգնման մեջ, թեկուզ ուժով ճանապարհները բացվի, և մենք ստորագրահավաքը անցկացրինք, որ կառավարությանը ցույց տանք, որ ժողովուրդը կանգնած է կառավարության կողքին։ Դուք հաշվեք, որ այդ 1200 հոգուց յուրաքանչյուրը տանը ևս 4 հոգի ունի, 4000-ից ավել մարդ սպասում է»։