Մեր կայուն ու անկայուն հարկատուները․ թվերը մխիթարական չեն

Խոշոր հարկատուների ցանկում առաջին աչքի զարնող փաստն այն է, որ խոշոր հարկատուների առաջին եռյակում նույն ընկերություններն են՝ «Գրանդ տոբակոն», «Գազպրոմ Արմենիան», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», պարզապես իրենց տեղերն են փոխել

Հրապարակվել է այս տարվա առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը: Այն բոլոր տարիներին տնտեսությամբ հետաքրքրվողների ու ուսումնասիրողների համար միշտ էլ առանձնահատուկ ու կարևոր փաստաթուղթ է: Նաև այն պատճառով, որ բյուջեն (ավելի ճիշտ՝ բյուջեի մասին ՀՀ օրենքը) ինչ-որ իմաստով «դժբախտ» փաստաթուղթ է: Վերջին տասնամյակների համարյա բոլոր կառավարությունների ու ԱԺ համարյա բոլոր գումարումների համար:

Որպես փաստարկ կարելի է հիշեցնել 2019թ․ բյուջեի կատարողականի քննարկումը: Կատարողականը կառավարությունը ներկայացնում է տարվա ավարտից չորս ամիս հետո: Իսկ բոլոր գումարումների համար մայիսին անցած տարվա կատարողականի քննարկումը նույնքան հետաքրքիր է, որքան անցած ձմեռվա ձյունը: Ասենք, որ բյուջեի մասին օրենքի նկատմամբ նման անառարկայական վերաբերմունքի պատճառը նաև կառավարության վերաբերմունքի արդյունք է: Երբ (սովորաբար դա տեղի է ունենում երկրորդ եռամսյակի ընթացքում) կառավարությունը «նկատում է», որ բյուջեի կատարումը ձախողում է՝ հընթացս փոխում է այն:

Հիմա արդեն կա 2020թ․ առաջին կիսամյակի բյուջեի կատարողականը: Հասկանալի է, որ թվերը մխիթարական չեն: Հին պլանի համեմատ մուտքերը թերակատարվել են 11.6 տոկոսով: Մամուլում արդեն հրապարակվել է, որ այս տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ մուտքերը պակաս են մոտ 32 տոկոսով: Ու այսպես շարունակ:

Իսկ 1000 խոշոր հարկատուների ցանկը հնարավորություն է տալիս տեսնել տնտեսության մեջ ընթացող պրոցեսները, որոնք կարող են մասնագիտական վերլուծությունների առիթ դառնալ: Օրինակ այն, որ անցած տարվա առաջին կիսամյակի ցանկում ամենաշատ հարկեր մուծած բանկը 11-րդ տեղում էր: Այս տարի՝ 19-րդ: Բանկը նույնն է՝ «Ամերիան», բայց անցած տարվա 5.137 մլրդ դրամի փոխարեն այս տարի մուծել է 3.3 մլրդ դրամ: Ասել է թե՝ բանկերի եկամուտները երկրում պակասում են:

Կամ, ասենք, կարելի է դիտարկել էներգետիկայի ոլորտի գիգանտների հարկերը: Մեր ատոմակայանի ֆինանսավորման հետ այս տարի որոշակի խնդիրներ եղան: Մասնագետների համար այդ խնդիրները ավելի առարկայական քննարկման թեմա կդառնան, եթե նկատեն, որ ՀԱԷԿ-ն անցած տարվա առաջին կիսամյակում 6-րդ հարկատուն էր մոտ 7.8 մլրդ դրամ մուծումով: Իսկ այս տարի 12-րդն է՝ մոտ 4.6 մլրդ դրամ:

Հայաստանի էլեկտրացանցերն էլ են պակաս հարկեր մուծել՝ անցած տարվա մոտ 7.8 մլրդ-ի փոխարեն մոտ 6.9 մլրդ:

Շատերն են հիշում «Յուքոմ» ընկերության հետ կապված պատմությունները: Արդյունքում անցած տարվա մոտ 4.8 մլրդ մուծած 14-րդ հարկատուն այս տարի 3.9 մլրդ է մուծել:

Այս ցանկից նկատելի է, որ ամեն ինչ համավարակով բացատրել «չի ստացվի»: Օրինակ այն, որ անցած տարվա խոշոր հարկատուների մեջ ավտոներկրող ընկերություններ կային: Շատ փորձագետներ էին փորձում կառավարությանը զգուշացնել, որ դրանց աճ-մուծումները «թունավոր» են: Բայց մեր իշխանությունների համար կարևորը տվյալ պահին հրապարակելու «արժանի» թիվ ունենալն է: 2019-ի առաջին կիսամյակի 20-րդ հարկատուն «Ավտոներկրող-10» անունով կազմակերպությունն էր (մոտ 3.5 մլրդ դրամ մուծումով): Այս տարի նման անունով խոշոր հարկատու փնտրելն անիմաստ զբաղմունք է:

Խոշոր հարկատուների ցանկում առաջին աչքի զարնող փաստն այն է, որ խոշոր հարկատուների առաջին եռյակում նույն ընկերություններն են՝ «Գրանդ տոբակոն», «Գազպրոմ Արմենիան», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», պարզապես իրենց տեղերն են փոխել: Առաջին եռյակը 7 մլրդ-ից պակաս հարկեր է մուծել:

Ցանկը հարկավ դեռ երկար կհամեմատվի-վերլուծվի: Վերջում մեկ փաստ ևս: Խոշոր հարկատուների մեջ ամենակայուն ցուցանիշն ունեն մեր խոշոր բուհերը: Նրանց մուծումները համարյա չեն պակասել: Օրինակ, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը» մոտ 1.2 մլրդ դրամ հարկեր է մուծել (2019-ի 1.377 մլդ-ի դիմաց): Կամ՝ Երևանի պետական համալսարանը՝ 1.146 մլրդ դրամ (2019-ի 1.356-ի դիմաց):

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org