Ֆեյսբուքում եղանակ ստեղծում են ոչ թե ինտելեկտուալ ու բարոյական մարդիկ, այլ՝ փողատերերն ու պետական լծակներ տնօրինողները

Պարզ դարձավ, որ Ֆեյսբուքի միջոցով կարելի է ոմանց կյանքը դժոխք դարձնել, կարելի է հեղափոխություններ անել, հրաժարականներ կազմակերպել եւ, առհասարակ՝ պետական քաղաքականություն թելադրել

«Հրապարակը» գրում է. «Ժամանակին, երբ Ֆեյսբուքը նոր-նոր էր ի հայտ եկել, թարմ շունչ, ինֆորմացիայի փոխանցման ազատություն հաղորդեց մեր կյանքին։ Մի օր էլ հանկարծ պարզվեց, որ այլեւս ոչինչ հնարավոր չէ գաղտնի պահել, եւ հանրության ակտիվ հատվածն անմիջապես հանգրվանեց այդ տիրույթում ու սկսեց շփվել, քննարկել, փոխանակել, կիսվել։

Մի կողմից՝ դա նոր ընկերներ գտնելու լավ հնարավորություն էր, մյուս կողմից՝ ինքնարտահայտման հարթակ։ Իսկ վերջին տարիներին՝ նաեւ հեղափոխական գաղափարների ու պայքարի գեներացման լավ հնարավորություն։ Ճիշտ է՝ դեռ տարիներ առաջ ոմանք հասկացան, թե ինչպես կարող են օգտագործել այդ հարթակը սեփական փիառն անելու եւ «թշնամիներին» ոչնչացնելու համար, սակայն մինչեւ վերջերս այդ փիառն այդքան հուժկու չէր, իսկ ոչնչացումը՝ այսպես կատաղի։

Երբ պարզ դարձավ, որ Ֆեյսբուքի միջոցով կարելի է ոմանց կյանքը դժոխք դարձնել, կարելի է հեղափոխություններ անել, հրաժարականներ կազմակերպել եւ, առհասարակ՝ պետական քաղաքականություն թելադրել, Ֆեյսբուքը դարձավ ոչ միայն շփման ու հաղորդակցության միջոց, այլեւ տարբեր ուժերի, հատկապես՝ չար ուժերի, կողմից լիուլի կիրառվող գործիք։ Նախկինում կարելի էր ֆեյսբուքյան քննարկումներից հանրային տրամադրություններ շոշափել։ Այնտեղ լուրջ հանրային քննարկումներ էին կազմակերպվում, մենք էլ մեր հոդվածներն էինք տարածում։

Իսկ այսօր ֆեյսբուքյան արշավների ու քննարկումների մեջ դժվար է տարբերակել, թե որն է իրականը, որը՝ արհեստականորեն ուղղորդված եւ ֆեյքերով կազմակերպվածը։ Այսօր Ֆեյսբուքը դարձել է ոմանց համար «աշխատատեղ» եւ ինչ-որ կեղծ ու վտանգավոր պրոցեսներ գեներացնելու վայր։ Եվ Ֆեյսբուքում եղանակ ստեղծում են ոչ թե ինտելեկտուալ ու բարոյական մարդիկ, այլ՝ փողատերերն ու պետական լծակներ տնօրինողները»։