Այն ամենից հետո, ինչ դուք արել եք, Ռուսաստանը իրավունք ունի թքելու ձեզ վրա և տրորելու. Սիմոնյանը՝ ՀՀ իշխանություններին

Ձեր մեդիան եւ սոցցանցերը ամեն ժամ կեղտաջուր են լցնում Ռուսաստանի, Պուտինի, հատկապես ռուսասատանցի հայերի (օրինակ՝ իմ) վրա

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում.

«Ես դիմում եմ հայկական իշխանություններին: Հենց իշխանություններին, այլ ոչ ժողովրդին, որի մի մասն եմ ես:

Դիմում եմ միայն այն պատճառով, որ ձեր համացանցային զորքերը գոմաղբով աղտոտել են իմ սոցցանցերը՝ պահանջներով (բռի եւ ագրեսիվ ձեւով) «իմ դիրքորոշումն արտահայտել»:

Խնդրել են՝ արտահայտում եմ:

Ձեզ նայեք կողքից: Տեսեք, թե ինչ եք անում: Ինչպես եք ձեզ տեսնում: Դուք ի՞նչ հայեր եք:

Հայերը ազնիվ, ազնվաբարո եւ վեհանձն ժողովուրդ են: Միշտ այդպիսին են եղել: Իսկ դուք ձեզ պահում եք ինչպես (ԱՐԳԵԼՎԱԾ Է ՌՈՍԿՈՄՆԱԴԶՈՐԻ ԿՈՂՄԻՑ):

Ի պատասխան բազմամյա բարու եւ պաշտպանության, որոնք դուք ստացել եք Ռուսաստանից, դուք Ղրիմը չճանաչեցիք: Որովհետեւ դա Հայաստանի ներքին գործն է:

Ռոբերտ Քոչարյանին դուք բանտարկել եք բացառապես քաղաքական վրեժխնդրությունից, որը Ռուսաստանի անդավաճան դաշնակիցն է: Հատուկ եք բանտարկել, ցուցադրաբար՝ թքելով ձեր «ռուս բարեկամների» ուղիղ դեմքին: Որովհետեւ դա Հայաստանի ներքին գործն է:

Դուք երկիրը հեղեղել եք հակառուսական ՀԿ-ներով, որոնք ձեր տարածքում երիտասարդներին ուսուցանում են, թե ինչպես Ռուսաստանում իշխանությունը տապալեն: Դուք Կովկասում դարձել եք հակառուսական ուժերի պլացդարմը: Որովհետեւ դա Հայաստանի ներքին գործն է:

Դուք դուրս եք քշել ռուսաստանցի հայ բիզնեսմեններին: Դուք ձեզ մոտ ոչ մի բան չեք ուզում, ինչը կապված է Ռուսաստանի հետ: Որովհետեւ դա Հայաստանի ներքին գործն է:

Ձեր մեդիան եւ սոցցանցերը ամեն ժամ կեղտաջուր են լցնում Ռուսաստանի, Պուտինի, հատկապես ռուսասատանցի հայերի (օրինակ՝ իմ) վրա: Դուք դժբախտ եւ առանց այն էլ անհետացող հայ ժողովրդին բաժանել եք թշնամիների՝ ռուսաստանցի հայերի եւ «իսկականների»՝ նրանց, ովքեր աջակցում են ձեր այսրոպեական իշխանությունը: Որովհետեւ դա Հայաստանի ներքին գործն է:

Իսկ հիմա, երբ ձեր սահմանին պատերազմ է, երբ ձեր ռեժիմի բուն գոյությունը վտանգված է, երբ ամբողջ աշխարհի հայերը արդեն տեսնում են ենիչերիների կենդանացած ուրվականները՝ կեռ թրերով, որոնցով մորթել են մեր նախնիներին, դուք հիշեցիք, որ Ռուսաստանը պետք է դարձյալ ձեզ փրկի:

Մի՞թե սա Հայաստանի ներքին գործը չէ:

Ամբողջ չարությունից եւ շնչահեղձ անող արհամարհանքից հետո, որոնք վերջին տարիներին դուք դրսեւորել եք Ռուսաստանի հանդեպ, ձեր տեղեկատվական զորքերը եւ անձամբ դուք ձեզ իրավունք եք վերապահում օգնությո՞ւն սպասել:

Իրականում այն ամենից հետո, ինչ դուք արել եք, Ռուսաստանը լիարժեք բարոյական  իրավունք ունի թքելու ձեզ վրա եւ տրորելու:

Բայց նա այդպես չի վարվի: Ես վստահ եմ: Կօգնի նաեւ այս անգամ:

Որովհետեւ Ռուսաստանն այդպիսին է: Մեծահոգի եւ վեհանձն, իմ Հայրենիքը, թանկագինը:

Իսկ դուք ուղղակի աղաղակող պոլիտիկանների կույտ եք, որոնք մեծ հայ ժողովրդի շահերը դավաճանել են հանուն իշխանության րոպեի եւ մանրախնդիր անձնական վրեժխնդրության:

Գիշերը Նարեկացի կարդացեք: Գուցե ձեր մեջ արթնանան հռչակավոր հայ խղճմտանքի փշուրները եւ բարին գնահատելու ունակությունը:

Եթե Նարեկացի չունեք, ապա ես կփոխանցեմ: Ինձ մոտ պահարանիկի վրա է դրված:

Իսկ պատերազմի առիթով ես երկու կողմերին կասեմ միայն մեկ բան՝ կանգ առե՛ք: Պատերազմից վատթար ոչինչ չկա: Ես դա իմ մաշկի վրա եմ զգացել: Պարզապես կանգ առեք, քանի դեռ ուշ չէ»,- գրել է Մարգարիտա Սիմոնյանը: