Ռուսաստանում կալանում են հայկական համարանիշներով ավտոմեքենաները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եթե ավտոմեքենայի սեփականատերը չգրանցի ավտոմեքենան, ապա կարող է տուգանվել 500-800 ռուբլիով

Մինչ վերջերս ՌԴ տարածքում որէեւ հարց չի առաջացել՝ կապված Հայաստանում գրանցված համարանիշներով ավտոմեքենաներ վարելու հետ, սակայն վերջին շրջանում հարցեր են ուղղում եւ՛ մաքսային մարմինները, եւ՛ պետավտոտեսչությունը, գրում է zr.ru-ն «Հին հայերը» հոդվածում:

Կարելի է ենթադրել, որ խնդիրն առաջացել է ոչ միայն սահմանին մաքսատուրքերը չվճարելու , այլ նաեւ ճանապարհային տեսախցիկների կողմի խախտման արձանագրման դեպքում նման ավտոմեքենաների սեփականատերերի անպատժելիության պատճառով:2019-ի նոյեմբերին ՌԴ նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ՆԳՆ-ին, տրանսպորտի նախարարությանը, արդարադատության նախարարությանը, ԴՄԾ-ին եւ ԱԴԾ-ին հանձնարարել էր խախտողների դեմ պայքարի մեթոդներ մշակել: Սակայն, կարծես, հանձնարարականը չէր իրականացվել, իսկ դրա փոխարեն որոշվել էր արգելք սահմանել:

ՌԴ օրենքներում չկան հստակ բացատրություններ, թե օրինական է արդյոք արտասահմանյան համարանիշներով ավտոմեքենա վարելը՝ նշվում է հոդվածում:

Այդ ավտոմեքենաների սեփականատերերին կարող են տուգանել 500 ռուբլիով: Սակայն դա հակասում է «ՌԴ տարածքում ավտոտրանսպորտային միջոցների գրանցման մասին» 12.08.1994 (խմբ. 26.04.2020) ՌԴ կառավարության որոշմանը:  

Այսինքն՝ ԵԱՏՄ երկրների ավտոմեքենաները կարող են ազատ տեղաշարժվել ՌԴ տարածքում: Իսկ մաքսային օրենդրության մեջ չկա ԵԱՏՄ տարածքում քաղաքացիների կողմից ԵԱՏՄ երկրում ձեռքբերված տրանսպորտի օգտագործման արգելք:   

Այնուամենայնիվ, մաքսային ծառայությունը մեղադրում է ՌԴ քաղաքացի հանդիսացող սեփականատերերին մաքսային օրենդրության խախտման մեջ:

Դա տեղի է ունեցել 2020 թվականի սկզբին «ԵԱՏՄ-ին Հայաստանի միացման մասին պայմանագրի» հայտնվելու պատճառով , որում նշվում է, որ Հայաստանում գրանցված ավտոմեքենա վարելու իրավունք ունի միայն ՀՀ քաղաքացին կամ անձը, որը մշտական բնակվում է ՀՀ տարածքում: Ընդ որում, «մշտական բնակություն» տերմինի նշանակությունը չկա ՌԴ որեւէ օրենքում:

Այժմ ավտոմեքենաները սկսել են կալանել: Կուրգան քաղաքում արդեն կալանվել է 4 ավտոմեքենա: Նման գործողություններ են իրականացվում նաեւ Ուրալում, Խանտի-Մանսիյսկում, Կուրգանում, Տյումենում, Նիժնեվարտովսկում, Չելյաբինսկում:

Ստավրոպոլի պետավտոստեսչությունը պատմել է ՌԴ տարածքում հայկական համարանիշներով ավտոմեքենաներ վարելու կանոնների մասին: 10 օրվա ընթացքում նման ավտոմեքենաների սեփականատերերը պետք է դրանք գրանցեն ՌԴ-ում, հաղորդում է Bloknot-ը:        

«Ճանապարհային երթեւեկության մասին» 10.12.1995-ի №196-ՖЗ Դաշնային օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ տրանսպորտային միջոցը կարելի է վարել, եթե այն պետգրանցում է ստացել:

Պետգրանցում անհրաժեշտ է ստանալ ներկրման պահից 10 օրվա ընթացքում:

Եթե ավտոմեքենայի սեփականատերը ՌԴ քաղաքացի է եւ ավտոմեքենան ներկրում է ՌԴ տարածք, ապա գրանցվելու համար ունի 10 օր: Նա պետք է դիմի պետավտոտեսչության ցանկացած բաժանմունք՝ ներկայացնելով տեխանձնագիր, ապահովագրական պոլիս, վարորդական իրավունք եւ առքուվաճառքի պայմանագիր:

Եթե ավտոմեքենայի սեփականատերը չգրանցի ավտոմեքենան, ապա կարող է տուգանվել 500-800 ռուբլիով: Կրկնակի խախտման համար տուգանքը կլինի 5000 ռուբլի, ինչպես նաեւ նախատեսված է ազատազրկում 1-3 ամիս ժամկետով:     

 

Նյութի աղբյուրը՝ news.am