Մենք ունենք ապիկար առողջապահության նախարար, որը բացի հրահանգ ստանալուց ուրիշ ոչ մի բանի ընդունակ չէ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, հայտարարել է երգահան, պրոդյուսեր Միքայել Մարգարյանը, որը Երեւանի Հանրապետության հրապարակում մի քանի աջակիցների հետ բողոքի ակցիա է իրականացրել արտակարգ դրության երկարացման եւ դրա հետևանքով առաջացրած խնդիրների դեմ:
«Անկեղծ ասած շատ դժգոհ ենք արտակարգ դրությունից, համավարակի դեմ պայքարից, սոցիալական աջակցության ծրագրերից, կառավարությունն այսօր հոգ չի տանում իր ժողովրդի համար այնպես, ինչպես մենք կերազեինք, որ լիներ մեր նոր Հայաստանում»,- ասել է Միքայել Մարգարյանը:
Նրա խոսքով՝ այսօր իշխանությունները զբաղված են տարատեսակ ոչ ժողովրդական, շատ անգամ նաև ապազգային օրենքների ընդունմամբ և ոչ ոք չի մտածում, որ կան մարդիկ, որոնք այսօր իրենց պատճառով մնացել են առանց աշխատանքի:
«Համավարակը, ճիշտ է, ամբողջ աշխարհում է, սակայն բոլոր երկրների ղեկավարները կարողանում են ելքեր գտնել ստեղծված իրավիճակից»,- նշել է Մ.Մարգարյանը։
Ակցիայի մասնակիցները մեքենաներով պտույտներ են գործել հրապարակում և բարձրախոսով կառավարությանն իրենց դժգոհությունը հայտնել:
«Հարգելի կառավարություն, ՀՀ քաղաքացիներն ունեն լուրջ սոցիալական խնդիրներ՝ կապված արտակարգ դրության երկարացման հետ, խնդրում ենք ականջալուր լինել ժողովրդի կարիքներին: Քազաքացին ունի խնդիր՝ կապված դիմակի, վարկի, կոմունալի, գույքահարկի և այլնի հետ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան, կոչ ենք անում ուշադրություն դարձնել ՀՀ քաղաքացիների կարիքներին»,- հայտարարել է ակցիայի մասնակիցը:
Բողոքի ցույցի մասնակիցները նշել են, որ իրավունք չունեն լռելու. «Հագնելով դիմակ՝ մենք լռում ենք մեր իրավունքների մասին»:
Դիմելով ոստիկաններին՝ Միքայել Մարգարյանն ասել է.
«Հարգելի ոստիկաններ, խնդրում ենք չմիջամտել քաղաքացիների խնդիրների բարձրաձայնմանը»:
Տեսանյութը՝ news.am-ի
0Comments