Շուտով նաեւ բժիշկներն են դառնալու «տուգանքի մատերիալ»․ 300-500 հազար դրամի չափով

Հիմա էլ բժիշկներին են սպառնում տուգանել, եթե չենթարկվեն իրենց հրամաններին
բժիշկ տուգանք դիմակ բկ արսեն թորոսյան

ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ։ Այս մասին երեկ կառավարության նիստին հպարտ տոնով հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում կառավարության ապաշնորհ աշխատանքի հետեւանքով արդեն 500-ից ավելի քաղաքացիներ դարձել են «մահանալու մատերիալ»՝ հենց կորոնավիրուսից։ Մի ժամանակ էլ Փաշինյանը հայտարարում էր, թե «ՀՀ քաղաքացին տուգանքի մատերիալ չի»։ Բայց ժամանակի ընթացքում վերանայեց իր մոտեցումները եւ սկսեց քաղաքացիներին աջ ու ձախ տուգանել։ Եվ հիմա, կարանտինի այս դժնդակ պայմաններում, ՀՀ քաղաքացին ոչ միայն տուգանքի, այլեւ մահվան մատերիալ է։

Բայց միայն ՀՀ շարքային քաղաքացին չէ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք տուգանքի մատերիալ է դարձել։ Շուտով նաեւ բժիշկներն են դառնալու, եթե չենթարկվեն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրահանգներին։

Կառավարությունը, մասնավորապես, երեկվա նիստում հավանություն տվեց Թորոսյանի բերած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին, որով առաջարկվում է արտակարգ դրության պայմաններում բուժհաստատությունների եւ բժիշկների կենտրոնացված կառավարում իրականացնել։ Այսինքն՝ այսուհետ առողջապահության նախարարությունն է որոշելու՝ որ բուժհաստատությունն ինչով զբաղվի, որը քովիդի բուժմամբ զբաղվի, որը՝ այլ խնդիրներով, կամ՝ որ բժիշկը որտեղ պետք է աշխատի։
Օրինակ՝ վերապատրաստում չանցած բուժաշխատողները կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորները պարտավոր են անցնել համապատասխան վերապատրաստում կամ ներգրավվել բնակչության բժշկական օգնության ու սպասարկման գործընթացին Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով։

Ըստ Թորոսյանի՝ արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպվում են առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանների համաձայն, որոնք չկատարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն 300․000-500․000 դրամի չափով։ Սա էլ՝ չենթարկվողների համար նախատեսված պատիժը։

Այսինքն՝ հիմա էլ բժիշկներին են սպառնում տուգանել, եթե չենթարկվեն իրենց հրամաններին։ Օրինակ, եթե նախարարը որոշեց, որ Երեւանում աշխատող բժիշկը պետք է մեկնի Սյունիքի մարզի որեւէ հիվանդանոց՝ քովիդով հիվանդներին բուժելու, նա պետք է անպայման ենթարկվի նախարարի հրամանին, հակառակ դեպքում կտուգանվի 300-500 հազար դրամի չափով։ Թորոսյանի այս նախաձեռնությանը հակադրվեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ այս նախագիծը կարող է հետագայում վտանգավոր հետեւանքներ առաջացնել: «Մենք կունենանք պոտենցիալ ծախսակույտ ու ստիպված կլինենք համակարգի մասնավոր կառույցներին հատուցել»,- նկատեց Մհեր Գրիգորյանը: Ի պատասխան՝ Թորոսյանն էլ արձագանքեց․ «Ես կարծում եմ, որ զուտ տրամաբանորեն շատ բնական է, որ հնարավոր է տնտեսվարող սուբյեկտի առօրյա ֆինանսատնտեսական գործունեությունը խաթարվի, եւ ինքը կատարի այդ պահին ավելի կարեւոր այլ խնդիր»։ Ի վերջո, երկար բանավեճից հետո թեման փակեց մյուս փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ հիշեցնելով, որ նմանատիպ լիազորությունները տրված են պարետին։ «Փոխհատուցման կարգը կառավարության որոշմամբ առանձին արդեն իսկ ունենք սահմանված, ու այդ կարգում արդեն կա անդրադարձ կատարված փոխհատուցման ձեւերին»,- եզրափակեց Ավինյանը։

Արձանագրենք միայն, որ ժողովրդավարության եւ շուկայական հարաբերությունների կանոններից մենք անշեղորեն հեռանում ենք, եւ կառավարությունն ու իր որոշ անդամներ, ուղղակի, օգտվում են այս համաճարակից՝ իրենց համար ավելի ընդարձակ, իսկ քաղաքացիների համար ավելի սահմանափակ լիազորություններ սահմանելու համար։ Այս կորոնավիրուսը ոմանց իրոք «լազաթ» է տվել։

Հրապարակ․am