Ավտոմեքենայի սեփականատերը կտուգանվի վաճառքի և վարձույթի նպատակով մայթեզրին կայանելու համար

Օրինագծով առաջարկում է այդ մեքենայի վաճառքը տեղափոխել մեկ այլ վայր, որը նախատեսված կլինի համայնքի կամ տնտեսվարող սուբյեկտների կողմից

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նիկոլայ Բաղդասարյանի և Նարեկ Զեյնալյանի հեղինակած փաթեթով առաջարկվում է լուծել մայթեզրերին տրանսպորտային միջոցների վաճառքի ու վարձույթի խնդիրը:

Նիկոլայ Բաղդասարյանը երեկ առաջին ընթերցման ժամանակ իր ելույթում նշել էր, որ շատ են դեպքերը, երբ մայթեզրերի վրա կազմակերպվում է տրանսպորտային միջոցների վաճառքը կամ վարձույթը և կան վայրեր, որտեղ մայթեզրերը վերածվել են ավտոմեքենաների վաճառքի «շուկայի»:

Օրինագծով առաջարկում է այդ մեքենայի վաճառքը տեղափոխել մեկ այլ վայր, որը նախատեսված կլինի համայնքի կամ տնտեսվարող սուբյեկտների կողմից, կլինի օրինագծի չափանիշներին համապատասխան, որտեղ անհատները կամ սուբյեկտներն առավել բարենպաստ պայմաններում կկարողանան կազմակերպել իրենց մեքենաների վաճառքը կամ վարձույթը:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր 61 «կողմ», 1 «դեմ» և 20 «ձեռնպահ» ձայներով:

Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 83 «կողմ» ձայներով: