«Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցու մամուլի խոսնակը պատասխանել է քաղաքագետին

Ի՞նչ է, մենք եկեղեցաշենքեր կամ հավաքույթներ իրականացնելու վայրեր չունե՞նք, որ պետք է Առաքելական տաճարներում արարողություններ անցկացնենք

Ուշքի եկեք, պարո՛ն «քաղաքագետ», չի կարելի այդքան ցածրանալ Իրեն քաղաքագետ համարող ոմն Հրանտ Մելիք-Շահնազարյանը, իջնելով պարզունակ բամբասողի մակարդակի, այսօր ֆեյսբուքում «սենսացիոն» ինֆորմացիա էր հրապարակել, թե իբր «Կյանքի Խոսք» եկեղեցին դիմել է Կառավարությանը` պահանջելով պետական հաշվեկշռում գտնվող առաքելական եկեղեցիներում ծեսեր անցկացնելու թույլտվություն տալ։

Ի պատասխան բազմաթիվ լրագրողների հարցումների` հարկ ենք համարում պարզաբանել, որ սույն պարոնի գրածն անհնար է այլ կերպ մեկնաբանել, քան որպես հիվանդագին մտքի հորինվածք։ 

Նախ` ի՞նչ է, մենք եկեղեցաշենքեր կամ հավաքույթներ իրականացնելու վայրեր չունե՞նք, որ պետք է Առաքելական տաճարներում արարողություններ անցկացնենք։ Սա ի՞նչ էժանագին հնարք է` մարդկանց խառնաշփոթի մեջ գցելու։ Ուշքի եկեք, պարո՛ն «քաղաքագետ», չի կարելի այդքան ցածրանալ: 

Երկրորդ` մենք Կառավարությանը չենք դիմել նույնիսկ մեր եկեղեցաշենքերում հավաքույթները վերականգնելու թույլտվության խնդրանքով։ Հաշվի առնելով երկրում ստեղծված համաճարակային բարդ իրավիճակը, երբ կա մարդկանց առողջության և կյանքի իրական վտանգ, ինչպես կարող ենք մտածել բազմամարդ հավաքույթներ անցկացնելու մասին։ Այլ բան, եթե վիճակը բարելավված կամ վտանգը վերացած լիներ։

Երրորդ` ինչպես Մելիք-Շահնազարյանի այս գրառումը, այնպես էլ իր քաղաքական ճամբարի մյուս ներկայացուցիչների վերջին շրջանի ելույթները ունեն հստակ նկատվող ընդհանրություն։ Անդադար շոշափելով «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցու անունը` նրանք պարտադիր իրենց քաղաքական պայքարի մյուս սլաքն ուղղում են Կառավարության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այս ամենը թույլ է տալիս եզրակացնել, որ կարծես մեր եկեղեցու դեմ նույն կենտրոնից ուղղորդվող մեդիաարշավը և կիրառվող տեխնոլոգիաները հետապնդում են քաղաքական նպատակներ ու շարժառիթներ։ 

Պարոնա‘յք, սա շատ պրիմիտիվ է, դուք գործածում եք նույն բառամթերքն ու պատճենված մտքերը։ Միգուցե ժամանակն է փոխելո՞ւ սցենարիստին։

Հարգանքով`

Արմեն Լուսյան
Հայաստանի «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցու մամուլի խոսնակ