Փաշինյանն ուժեղացրե՞լ է իր անվտանգությունը. news.am

Վարչապետի պահպանությունն իրականացնող ծառայողների թվի ավելացումը՝ գաղտնիք
նփ

NEWS.am–ի տեղեկություններով՝ ներքաղաքական իրավիճակով պայմանավորված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուժեղացրել է իր և ընտանիքի անվտանգությունը։

Մասնավորապես, դեռևս հունիսից կառավարական առանձնատան պահպանությունն, ինչպես նաև վարչապետի անվտանգությունն ապահովող ծառայողների թիվն ավելացվել է։

Տեղեկությունը ճշտելու նպատակով NEWS.am–ը գրավոր հարցումներով դիմել էր ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայությանը, ինչպես նաև վարչապետի աշխատակազմին։ Եվ այսպես հետաքրքրվել էինք, թե 2020–ին նախորդ երկու տարվա համեմատ արդյոք ավելացել կամ պակասե՞լ է Փաշինյանի և նրա ընտանիքի պահպանությունն իրականացնող ծառայողների թիվը, եթե այո՝ ի՞նչ պատճառով։ Սակայն թե՛ կառավարությունը և թե՛ ԱԱԾ–ն հրաժարվել էին պատասխանել մեր պարզ հարցմանը՝ հղում կատարելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքին։

Հիշեցնենք՝ երբ նախորդ տարեվերջին մամուլում լուրեր շրջանառվեցին վարչապետի դստեր՝ Մարիամ Փաշինյանի համար ԱԱԾ ՊՊԾ–ի կողմից նոր ավտոմեքենա գնելու վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեքենաները ձեռք են բերվել 2018-ին, քանի որ ավելացել է պահպանության ենթակա անձանց թիվը։ Մենք ԱԱԾ–ից հետաքրքրվել էինք նաև՝ 2020թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արդյոք ավելացել, կամ նվազե՞լ է հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց թիվը, ինչին ևս այդ կառույցից հրաժարվել էին պատասխանել՝ նշելով, որ հայցվող տեղեկությունը ընդգրկված է գաղտնագրման ենթակա տեղեկությունների հաստատված ցանկում և դասվում է պետական և ծառայողական գաղտնիքների շարքին։

Նշենք, որ տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասում են պետական այն մարմինները, որոնց պաշտոնատար անձինք օժտված են տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու լիազորություններով: Պարզվում է, որ  Հայաստանի պետական մարմիններից միայն ԱԱԾ–ն է գաղտնի պահում գաղտնագրման ենթակա տեղեկությունների գերատեսչական ցանկը, ինչի պարագայում հնարավոր չէ պարզել՝ մեր կողմից հայցվող տեղեկատվությունը առկա է այդ ցանկում, թե ոչ։ Օրինակ՝ պաշտպանության նախարարության և ոստիկանության գաղտնագրման ենթակա տեղեկությունների գերատեսչական ցանկերը հրապարակային են և հասանելի են հանրությանը։

Նշենք, որ Սահմանադրական դատարանը  դեռևս  2012 թ. մարտի 6–ի ՍԴՈ-1010 որոշմամբ Սահմանադրության 27-րդ և 43-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր էր ճանաչել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի այն դրույթը, որով սահմանված է, որ «գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են և հրապարակման ենթակա չեն», ինչը պարտավորեցրել է պետական գերատեսչություններին հրապարակել համապատասխան ցանկերը։

ԱԱԾ–ում հավանաբար տեղյակ չեն, որ Սահմանադրական դատարանի որոշումները ենթակա են կատարման անհապաղ ՀՀ ողջ տարածքում և ենթակա չեն քննարկման (վիճարկման, քննության) պետական որևէ մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից։ Այնուամենայնիվ, մեզ համար անհասկանալի է մնում, թե մեր կողմից հայցվող (քանակական ցուցանիշներ և անձնական տվյալներ չպարունակող) տեղեկատվության տրամադրումը ի՞նչ վտանգ կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար, որ ԱԱԾ–ն այն դասել է պետական գաղտնիքի շարքը։