Միքայել Մինասյանի տեսանյութերի հետքերով. Ստի վերջը. hraparak.am

Նիկոլ Փաշինյանի կինն ու դուստրերը նկատելիորեն նվազեցրել են իրենց հանրային ու քաղաքական ակտիվությունը՝ դադարեցնելով սոցիալական ցանցերը քաղաքական գրառումներով ու ժամանցային տեսանյութերով հեղեղելը

Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը տարիներ շարունակ ոչ հրապարակային, կուլիսային գործիչ է եղել։ Նրա անվան շուրջ ձևավորվել են տարբեր միֆեր՝ Հայաստանի ներքաղաքական կոնյուկտուրայի ձևավորման ու վերահսկման առումով։

Դժվար է հստակ ասել՝ որքանով են այդ միֆերը իրական կամ մտացածին, սակայն  կասկածից վեր է, որ Մինասյանը տիրապետում է քաղաքական  ազդեցիկ կապերի, լծակների և ինֆորմացիոն լուրջ աղբյուրների թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։ 

Վերջին երկու ամիսների ընթացքում, սակայն, Մինասյանը խախտեց ոչ հրապարակային գործչի ավանդույթը և հանդես եկավ 11 տեսաուղերձով՝ դրանցում մեղադրելով Նիկոլ Փաշինյանի վարչակազմին կեղծիքի, կոռուպցիայի և դավաճանության մեջ։

Դժվար է պատկերացնել, որ երկար տարիների իր ոչ հրապարակային գործունեության ավանդույթը Մինասյանը կարող էր խախտել պարզունակ, անիրական և սուտ մեղադրանքներ հնչեցնելու համար։ Ավելի տրամաբանական է, որ նա, օգտագործելով իր կապերն ու հնարավորությունները,  Հայաստանի իշխանությունների գործունեության մասին ձեռք է բերել գաղտնի տեղեկություններ և տեսաուղերձներով հրապարակել է այդ փաստերը։ 

11 մասից բաղկացած տեսաուղերձներում Միքայել Մինասյանը զարգացրեց մի քանի հիմնական թեզեր․
• Հայաստանի հիվանդության անունը Նիկոլ Փաշինյան է
• Նիկոլ Փաշինյանի ստեղծած իշխանությունը ստի կայսրություն է 
• Նիկոլ Փաշինյանը ստախոս է և պետական օլիգարխ
• Նիկոլ Փաշինյանի կերտած հեղափոխության հիմքում ընկած են PR տեխնոլոգիաները
• Նիկոլ Փաշինյանը պատրաստ է զիջել Հայաստանի ինքնիշխանության երաշխիքները հանուն փողի
Փորձենք համառոտ անդրադառնալ Միքայել Մինասյանի տեսանյութերում արտահայտված հիմնական թեզերին և հասկանանք, թե ի վերջո ի՞նչ հինավորում կամ հերքում ստացան Մինասյանի կողմից իշխանությանն ուղղված այս ծանր մեղադրանքները։ 

Արթուր Վանեցյանը սուրհանդակ Նիկոլ Փաշինյանի և Միքայել Մինասյանի միջև

Առաջին տեսաուղերձում (Ստի վերջը 1) Մինասյանը հայտարարեց, որ դեռևս ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ Արթուր Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, որպես սուրհանդակ,  Հռոմում հանդիպել է իրեն ու առաջարկել է, որ եթե Միքայել Մինասյանը ինչ-որ հիմնադրամի սիմվոլիկ գումար վճարի, անհետանա քաղաքական ասպարեզից, միառժամանակ չվերադառնա Հայաստան, դադարեցնի ընդդիմադիր գործունեությունը, ապա  ՀՀ իշխանությունները հանգիստ կթողնեն Մինասյանին ու նրա ընտանիքին՝ կարճելով հարուցված քրեական գործերը։ 

Նախկին դեսպանի այս հայտարարությունը ոչ մեկը չհերքեց, դրա հիման վրա ՀՔԾ-ում հարուցվեց քրեական գործ։ Արթուր Վանեցյանը, ով դեռևս այս տարվա փետրվարի 6-ին հայտարարել էր, թե ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ հանդիպել է Միքայել Մինասյանին, փաստացի չհերքեց Մինասյանի ասածները՝ ընդամենը հավելելով, որ «ինքը գործել է բացառապես իր պաշտոնեական լիազորությունների սահմաններում»։  Նիկոլ Փաշինյանն էլ բավականին օրիգինալ գտնվեց  և  Մինասյանի հայտարարությունից շաբաթներ անց բառացիորեն ասաց․ «Իմ հրապարակային և ոչ հրապարակային հայտարարությունները իրարից չեն տարբերվում: Առավելևս կոռուպցիայի դեմ պայքարում չեն կարող իմ հրապարակային հայտարարությունները տարբերվել իմ ոչ հրապարակային-աշխատանքային հայտարարություններից: Բայց սա հարց է, որի պատասխանը պիտի տան իրավապահ մարմինները»։ Դատելով իշխանության ներկայացուցիչների զգուշավոր բառապաշարից՝ Մինասյանի առաջին հայտարարությունը ճշմարտություն էր, որի վերաբերյալ հարուցված քրեական գործից մեծ ակնկալիքներ, թերևս, չարժե ունենալ։ 

Ինչու չէի խոսում Սերժի ժամանակ

Միքայել Մինասյանի երկրորդ տեսաուղերձը (Ստի վերջը 2) ավելի շատ անկեղծ զրույց էր հասարակության հետ․ նա պատասխանեց իրեն ուղղված մի շարք հարցադրումների, օրինակ, թե ինչու չէր խոսում Սերժի ժամանակ կամ ինչ է արել Հայրենիքի համար, և վերջապես՝ ինչու չի վերադառնում Հայաստան։ Մինասյանը հայտարարեց, թե Սերժի ժամանակ չի խոսել, քանի որ այդ տարիներին եղել է  նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ապա՝ դեսպան։ Երկու պաշտոններն էլ այնպիսին են, որի դեպքում քաղաքական հայտարարություններ անել, դիրքորոշումներ հայտնել ընդունված չէ։ Բայց երկրորդ տեսաուղերձի առանձնահատկությունը սուր բառապաշարի առկայությունն էր և Նիկոլ Փաշինյանին ուղղված մեղադրանքը․ Մինասյանն առաջին անգամ իր խոսքում Փաշինյանին անվանեց ժողովրդի թշնամի և դավաճան, իսկ նրա թիմի անդամներին՝ օտարերկրյա գործակալներ։ 

Իշխանության արձագանքն իրեն սպասեցնել չտվեց․ տեսաուղերձի հենց հաջորդ օրը՝ մայիսի 6-ին, դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը Միքայել Մինասյանին կալանավորելու մասին՝ փողերի լվացման և ապօրինի հարստացման մեղադրանքներով։ Սակայն որոշումից մեկ ամիս անց Վերաքննիչ դատարանը վերացրեց Մինասյանին կալանավորելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։

Մաքսանենգ ծխախոտի արտահանում

Միքայել Մինասյանն իր մի քանի տեսանյութերում անդրադարձավ Հայաստանից մաքսանենգ ծխախոտի արտահանման 3 դրվագների՝ նշելով, որ այդ գործընթացն իրականացվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի կողմից։ Նա հայտարարեց, թե վարչապետի եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը և  Աննա Հակոբյանի եղբայր Հրաչյա Հակոբյանն արդեն 2 տարի զբաղվում են մաքսանենգ ծխախոտի արտահանմամբ և վաճառքով, իսկ Այդ գործընթացը Աննա Հակոբյանի հրահանգով կազմակերպում է ՊԵԿ փոխնախագահ Շուշաննա Ներսիսյանը, ով ավելի հայտնի է «Նակոլկա Շուշո» մականունով։ 

Մինասյանը փաստաթղթերով ներկայացրեց դեպի Կրասնոդար, Վորոնեժ և Աբխազիա մաքսանենգ ծխախոտի արտահանման փաստեր․ ինքնաթիռներից երկուսի բեռը ռուսական հատուկ ծառայությունները ձերբակալեցին․ Ռուսական լրատվամիջոցներն անգամ ռեպորտաժ պատրաստեցին Վորոնեժում ձերբակալված հայկական մաքսանենգ ծխախոտի կադրերով։  Երրորդ ինքնաթիռը, որն ուղևորվել էր Աբխազիա, դարձավ դիվանագիտական սկանդալի պատճառ, քանի որ ծխախոտի տեղափոխման  փաստաթղթում Աբխազիան նշված է եղել որպես Վրաստան, սակայն միաժամանակ Վրաստանի մաքսային ծառայությունները չեն տեղեկացվել այդ բեռի մասին։ 

Մաքսանենգ ծխախոտի արտահանման մասին Միքայել Մինասյանի հայտարարությունները փաստացի հաղորդում էին հանցագործության մասին, սակայն դրանց առնչությամբ քննություն սկսելու փոխարեն Հայաստանի իրավապահ համակարգը նոր գործ հարուցեց Միքայել Մինասյանի դեմ։ Այս անգամ ՀՔԾ-ն գործ հարուցեց Մանվել Տեր-Առաքելյանի ֆեյսբուքյան գրառման հիման վրա, որում նա Մինասյանին մեղադրում էր 2008թ-ին Կարապի լճի շրջակայքում իրենից սրճարան խլելու և 2 մլրդ․ դրամի վնաս հասցնելու մեջ։

Ինչպես պարզվեց հետագայում՝ խոսքը վերաբերում էր հայտնի «Փոսի գործին», երբ անհայտ անձը Կարապի լճին հարակից կանաչ հատվածում հսկայական փոս էր փորել, և երևանցիների պայքարի շնորհիվ  կառավարությունը չեղարկեց այդ հատվածի շինթույլտվությունը, իսկ երևանցիներն իրենց ձեռքերով լցրեցին այդ փոսը, որտեղ այսօր կանաչ տարածք է։  Ինչպես ասում են՝ դատեք ինքներդ։ Ավելի ուշ Փաշինյանը հայտարարեց, թե՝ Հայաստանի մաքսային մարմինները որևէ խախտում թույլ չեն տվել, մեղավորը արտահանողներն են, ուստի պետք է Ռուսաստանի իրավապահները զբաղվեն այդ հարցով։ Սակայն վարչապետը այդպես էլ չմեկնաբանեց, թե արտակարգ դրության պայմաններում ինչպես է հնարավոր, որ մաքսային ծառայությունները տեղյակ չլինեն մի ամբողջ ինքնաթիռ մասնանենգ ծխախոտի արտահանման մասին։ Աննա Հակոբյանն ու Հրաչյա Հակոբյանն էլ դատական հայց ներկայացրին ընդդեմ Միքայել Մինասյանի՝ զրպարտության, գործարար համբավին ու հեղինակությանը վնաս հասցնելու մեղադրանքով։ Իշխանության պատասխանները նմանվեցին օդ արձակված կրակոցների, որովհետև չհաջողվեց փարատել առաջացած կասկածները։  Հունիսի 4-ին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականը մամուլը կապեց մաքսանենգ ծխախոտի արտահանման գործի հետ, իսկ նորանշանակ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը շտապեց հերյուրանք որակել Միքայել Մինասյանի հայտարարությունները։ Այնուհետ Մինասյանը հրապարակեց մաքսանենգության փաստի առիթով ՌԴ-ում հարուցված քրեական գործի փաստաթուղթը, ինչը վկայում էր, որ ինքը ճիշտ էր, կառավարության անդամները՝ սխալ: Եվ այստեղ հարց է առաջանում. Ինչո՞ւ էին Հայաստանի վարչապետն ու ՊԵԿ ներկա ու նախկին նախագահները նման ջանասիրությամբ հերքում մաքսանենգության փաստը. բան, որը եղել է:

Մաքսանենգ ադամանդների արտահանում

Միքայել Մինասյանն իր իր 4-րդ տեսանյութում (Ստի վերջը 4)  ավելի խորացրեց ինտրիգը՝ այս անգամ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին մեղադրելով մաքսանենգ ադամանդների վաճառքի մեջ, որոնք արդեն հայտնի «Նակոլկա Շուշոյի»  աջակցությամբ ներմուծվում են Հնդկաստանից, ապա հայկական քվոտայով, առանց մաքսատուրք վճարելու, արտահանվում տարբեր երկրներ։ Մինասյանն իր հայտարարությունը հիմնավորեց ԱՎԾ տվյալների հիման վրա՝ ըստ որոնց 2020թ․ առաջին եռամսյակում Հայաստանից արտահանվել է 20 մլրդ դրամի ադամանդ, մինչդեռ հայկական ադամանդագործության արտադրական ներուժը ֆիզիկապես չի բավարարում նման ցուցանիշ ապահովելու համար։ Միքայել Մինասյանը Նիկոլ Փաշինյանին մեղադրեց Հայաստանի միջազգային վարկը խայտառակելու մեջ։ 

Իշխանական պատգամավորներն ու պրոիշխանական վերլուծական շրջանակները լծվեցին տարբեր վիճակագրությունների օգնությամբ Միքայել Մինասյանի հայտարարությունը հերքելու գործին, իսկ իրավապահները կրկին հարկ չհամարեցին քննության առնել հայտարարության հանգամանքները։ Ոստիկանությունն էլ մի տեսանյութ հրապարակեց, որը ավելի շուտ հերքում էր Ազգային վիճակագրական ծառայությանը, քան նախկին դեսպանին:

Զենքի վաճառք

Միքայել Մինասյանը Նիկոլ Փաշինյանին մեղադրեց Հայաստանը զենքի միջազգային առևտրի սև շուկա ներքաշելու մեջ։ Ըստ Մինասյանի՝ Փաշինյանը ոմն Դավիթ Գալստյանի՝ օֆշորում գրանցված կազմակերպությանը լիազորել է Հայաստանի Հանրապետության անունից զենք պատվիրել Ռուսաստանից՝ ներքին գներով, որից հետո Հայաստանը գնել է այդ պատվիրված զենքի մի մասը, իսկ մյուս մասը Գրիգորյանի կազմակերպությունը արդեն միջազգային գներով վաճառել է երրորդ երկրներին։ Ի վերջո Ռուսաստանը Դավիթ Գրիգորյանին հայտարարել է «Պերսոնա նոն Գրատա» և մինչև 2029թ-ը արգելել նրա մուտքը Ռուսաստան։

Ուստի, ըստ Մինասյանի, Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ՊՆ-ն Դավիթ Գալստյանի օֆշորային ընկերության միջոցով Հորդանանից գնել է «ՕՍԱ ԱԿ Մ» տեսակի սպառազինություն՝ վճարելով օֆշորային ընկերությանը 27 միլիոն դոլար, մինչդեռ ըստ Մինասյանի, այդ զինատեսակը վաղուց բարոյապես մաշված է ու հաճախ պետությունները դա վաճառում են որպես մետաղի ջարդոն, իսկ գործարքի իրական արժեքը 3,5 մլն դոլար է, և ավելի քան 20 միլիոն դոլար նստել է օֆշորային ընկերության հաշվին։ 

Պաշտպանության նախարարությունը շտապեց հակադարձել Միքայել Մինասյանին՝ ընդամենը նշելով, որ «ՕՍԱ ԱԿ Մ»-ը արդյունավետ սպառազինության տեսակ է,  որ ՊՆ-ն որևէ ապօրինի գործարք չի իրականացրել, սակայն Մինասյանի հնչեցրած բարձրաձայնումների հիման վրա անգամ ձևական քննություն իրականացնելու նախաձեռնությամբ իրավապահ մարմինները հանդես չեկան։ Բայց փաստն այն է, որ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի՝ «80-ականների զենքի ամոթալի էջը փակելու» մասին հայտարարության, Հայաստանը ձեռք է բերել հենց այդպիսի զենք՝ Նիկոլ Փաշինյանի օրոք: Եթե 80-ականների զենք ունենալն իսկապես ամոթալի է, ապա այդպիսի զենք գնելու շահը ո՞րն է: Այս տրամաբանական հարցը ևս մնաց անպատասխան:

Ալիևի հետ փոխգործակցություն

Միքայել Մինասյանը մեղադրեց Նիկոլ Փաշինյանին Իլհամ Ալիևի հետ գաղտնի պայմանավորվածության՝ վերելակային դիվանագիտության մեջ, ըստ որի՝ Փաշինյանը Ալիևից մուրացել է սահմանային ժամանակավոր հանդարտ վիճակ մեկ ու կես տարի ժամանակով, որպեսզի ինքն այդ ընթացքում կարողանա վերջնականապես զավթել Հայաստանի իշխանությունը։ Փոխարենը, ըստ Մինասյանի, Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից, որոնց կիրառումը հնարավորություն կտար ստեղծել սահմանային միջադեպերի միջազգային հետաքննության պրակտիկա, ինչը կարող էր վերջ դնել ադրբեջանական կողմի ագրեսիային ու կնվազեցներ պատերազմի հավանականությունը։ Ըստ Մինասյանի՝ այդ ընթացքում Ադրբեջանը, օգտվելով առիթից, իրականացրել է բազմաթիվ ինժիներական աշխատանքներ շփման գծի ամբողջ երկայնքով, որը ադրբեջանական կողմին ակնհայտ ռազմավարական առավելություններ է տվել։ 

Կորոնավիրուսի դեմ պայքարի տապալում

Վատիկանում ՀՀ նախկին դեսպանն անդրադարձել է նաև Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին՝ իշխանությանը մեղադրելով հանցավոր անպատասխանատվության, անարդյունավետ առողջապահական և հակահամաճարակային ռազմավարության մեջ։ Մինասյանն արողջապահության նախարար Արսեն Թորոսյանին բնութագրել է որպես «ВОЗ-ի տղա»  (всемирная организация здравоохранения բառից), ով կարանտինի ղեկավարներ է նշանակել իր մտերիմներին ու ընկերներին, ովքեր էլ իրենց հերթին գրպանում ու յուրացնում են միլիոնավոր դրամներ։   

Քաղաքական տեխնոլոգիաների գաղտնազերծում և ապամիֆականացում

Միքայել Մինասյանն իր վերջին տեսաուղերձում անդրադարձավ Հայկական թավշյա հեղափոխությանը՝ ի ցույց դնելով այն բոլոր քաղաքական ու քարոզական, երբեմն կեղծ տեխնոլոգիաները, որոնց շնորհիվ հազարավոր մարդիկ քաղաքական խաբեության զոհ դարձան։ Ըստ Մինասյանի՝ Նիկոլ Փաշինյանն, օգտվելով հանրային դժգոհությունից և ստանալով օտարերկրյա գործակալների ու կասկածելի ֆոնդերից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների աջակցությունը՝  եփեց մի «թթված բորշ», որի անունը դրեց թավշյա հեղափոխություն և որի միջոցով փորձում է արդարացնել իշխանության և պետության բռնազավթմանն ուղղված իր քայլերը։ 

Ամփոփելով Միքայել Մինասյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռահար հակամարտությունը, կարող ենք ֆիքսել 2 հանգամանք․

• Իշխանության ներկայացուցիչները հիմնավոր կերպով չկարողացան հերքել Միքայել Մինասյանի հնչեցրած ոչ մի մեղադրանք։
• Հայաստանի իրավապահ համակարգն այդպես էլ չկարողացավ ապացուցել կամ էապես հիմնավորել Միքայել Մինասյանին վերագրվող մի շարք մեղադրանքներից թեկուզ մեկը․ պատահական չէ, որ վերջին 2 ամսում դատարանը բեկանեց և մերժեց Միքայել Մինասյանին կալանավորելու երկու միջնորդություն։ 

Փաստացի Մինասյանը շրջանառության մեջ դրեց մի շարք հարցադրումներ, որոնք վաղ թե ուշ պետք է հիմնավոր պատասխան ստանան՝ անկախ իշխանության լեգիտիմության մակարդակից և հանրային տրամադրությունների բովանդակությունից։ 

Հ․Գ․ Հետաքրքիր է, որ իշխանական վերնախավը ցուցադրաբար փորձում էր անուշադրության մատնել Միքայել Մինասյանի տեսուղերձները, սակայն առնվազն մեկ դրվագ փաստում է, որ այդ տեսանյութերը մանրազնին ուշադրության էին արժանանում․ այն բանից հետո, երբ Մինասյանը կոչ արեց ընտանիքներին չխառնել քաղաքականությանը, Նիկոլ Փաշինյանի կինն ու դուստրերը նկատելիորեն նվազեցրել են իրենց հանրային ու քաղաքական ակտիվությունը՝ դադարեցնելով սոցիալական ցանցերը քաղաքական գրառումներով ու ժամանցային տեսանյութերով հեղեղելը։  

Նյութի աղբյուրը՝ hraparak.am