Հասարակության շրջանում դժգոհության ալիք է հասունանում. 168.am

Հարցվածների 60%-ը Կառավարության աշխատանքը գնահատել է բացասական

Կառավարության ներկայացուցիչներն ինֆորմացիոն բոլոր հարթակներով պարբերաբար կրկնում են, որ հանրության մեծամասնությունը շարունակում է անվերապահորեն վստահել իրենց, իրենց վարած քաղաքականությանը և գոհ է իր կյանքի որակից՝ անկախ նրանից, որ Հայաստանում համավարակի տարածման տեմպը չի նվազում, իսկ տնտեսությունն արձանագրում է անկման ցուցանիշներ։

Սակայն վերջին շրջանում Երևանում և մարզերում բռնկվող կարճատև բողոքի ակցիաները (կարճատև, քանի որ գործող արտակարգ դրությամբ պայմանավորված՝ այդ բողոքները շատ արագ դադարեցնում են ոստիկանական ուժերը, իսկ մասնակիցներին՝ բերման ենթարկում) խոսում են հանրության շրջանակում տիրող այլ տրամադրությունների մասին։

Հետաքրքրական է, որ վերջերս Հայաստանի ընդհանուր վիճակի հանրային կարծիքի վերաբերյալ անցկացված հարցումներից մեկը նույնպես փաստել է, որ հայաստանցիների կարծիքով՝ ամեն ինչ չէ, որ այդքան անամպ է, որքան ներկայացվում է։

Նշյալ հետազոտությունն իրականացվել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանի (ՀՌՌԿ-Հայաստան) կողմից Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի պատվերով։

Գնահատելով երկրում ստեղծված իրավիճակը՝ հարցման մասնակիցների մեծամասնության կարծիքով՝ 45%-ի, հասարակության շրջանակում դժգոհության ալիք է հասունանում։ Ընդ որում, հարցվածների 57%-ը, գնահատելով ազգաբնակչության շրջանակում տիրող տրամադրությունը, նշել է, որ չի հավատում որևէ բարելավման։

Անդրադառնալով Կառավարության աշխատանքին կորոնավիրուսային համաճարակի դեմ մղվող պայքարի համատեքստում՝ հարցվածների 60%-ը Կառավարության աշխատանքը գնահատել է բացասական։

Հարցման մասնակիցները մասնավորապես նշել են, որ Կառավարությունը չի կարողացել համավարակի ընթացքում ապահովել կայուն սոցիալ-տնտեսական իրավիճակ, իսկ հայտարարված արտակարգ դրության ռեժիմի անարդյունավետությունը համարել է Կառավարության սխալ աշխատանքի արդյունք։

Անարդյունավետ են գնահատել նաև Կառավարության հակաճգնաժամային ծրագրերը․ այսպիսի կարծիք է հայտնել հարցման մասնակիցների մեծամասնությունը՝ 40%-ը։

Հարցման արդյունքները, թերևս, կասկածի տակ են առնում քաղաքացիների լիարժեք գոհունակության վերաբերյալ իշխանությունների խոսքերը և լուրջ մտորումների տեղիք տալիս, քանի որ նման ինքնավստահության և հանրության վերաբերմունքի մասին իրականության հետ աղերս չունեցող պատկերացումների պարագայում դժվար է պատկերացնել իշխանությունների արդյունավետ պայքարն առկա սոցիալ-տնտեսական խնդիրների դեմ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում