Գյուլումյանն աշխատանքի չի գնում, Խաչատրյանը պարտականությունների կատարումը չի ստանձնում. ՍԴ-ում ճգնաժամը խորանում է. Փաստինֆո

Փաստացի այսօր գոչություն չունի անհատական որեւէ ակտ, որը կարձանագրի դատավորների լիազորությունների դադարեցումը՝ բացի քաղաքական իշխանության հայտարարություններից

ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատանքները կաթվածահար են եղել։ Քաղաքացիների անհատական դիմումներով դատարանների կազմերը չեն հաստատվում, բացի այդ ավարտին են մոտենում մի շարք գործերով աշխատակարգային որոշումներ կայացնելու համար նախատեսված ժամկետները, իսկ ՍԴ-ն ոչ միայն չունի քվորում, այլ նաեւ վարչական որոշումներ կայացնելու լիազորություն ունեցող անձ։

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը պաշտոնապես արձակուրդում է, ՍԴ նախագահի տեղակալ Ալվինա Գյուլումյանը աշխատանքի չի գնում, իսկ ներկայիս դատավորների թվում տարիքով ավագ Աշոտ Խաչատրյանը չի ստանձնել ՍԴ նախագահի պարտականությունների կատարումը, քանի որ չկա դրա համար իրավական հիմք։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ՍԴ-ի պատմության մեջ առաջին անգամ՝ 2020 թվականի հունիսի 30-ին տեղի չունեցան ոչ Սահմանադրական դատարանի եւ ոչ էլ ՍԴ աշխատակարգային նիստերը՝ քվորումի բացակայության պատճառով։ ՍԴ հաջորդ նիստը՝ ըստ ժամանակացույցի, պետք է տեղի ունենա հուլիսի 7-ին, որի օրակարգում ընդգրկված է 7 հարց, այդ թվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի սահմանադրականության հարցը։

Բացի այդ՝ ՍԴ-ն մինչեւ այսօր չի քննարկել ՍԴ դիմումը հետ վերցնելու մասին Քոչարյանի միջնորդությունը, ինչպես նաեւ հունիսի 22-ին ԱԺ ընդունած սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկող ԲՀԿ-ի դիմումը։ Ու պարզ էլ չէ, թե դրանք երբ կքննարկվեն, քանզի փաստացի այսօր պարզ չէ, թե ՍԴ-ում ով է այն իրավասու պաշտոնյան, որը կարող է մակագրություններ անել կամ ՍԴ աշխատակարգային նիստ հրավիրել։

Փաստացի մեկ տարի առաջ ՍԴ դատավոր դարձած Վահե Գրիգորյանի հայտարարած սահմանադրական ճգնաժամն այսօր իրականություն է դարձել, որի հանգուցալուծումը դեռեւս չի երեւում։

Հիշեցնենք, որ այս իրավիճակը ստեղծվել է ԱԺ-ի նախաձեռնած հունիսի 22-ի սահմանադրական փոփոխությունների արդյունքում, որոնք ընդունվեցին Սահմանադրության խախտմամբ՝ առանց ՍԴ-ի եզրակացությունն ստանալու։ Հունիսի 26-ին երկրի վարչապետը հայտարարեց, թե փոփոխությունները մտել են ուժի մեջ, որով դադարեցված են համարվում ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Հրանտ Նազարյանի լիազորությունները, իսկ Հրայր Թովմասյանն էլ այսուհետ ոչ թե ՍԴ նախագահ է, այլ՝ ՍԴ դատավոր։

ՍԴ դատավորներն ի պատասխան փաստեցին, որ գոյություն ունի ՍԴ դատավորների լիազորությունների դադարեցման ընթացակարգ, որոնց թվում վարչապետի ֆեյսբուքյան գրառումը նախատեսված չէ։

«Սահմանադրության 167-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ կազմավորման և գործունեության կարգը` Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին օրենքով: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ մինչև 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները 12 տարվա ժամկետը լրանալուց հետո շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի վերոնշյալ նորմը չի վիճարկվել Սահմանադրական դատարանում, չի ճանաչվել Սահմանադրությանը հակասող, ԱԺ կողմից չի ճանաչվել ուժը կորցրած, ուստի գործող է և ենթակա է կատարման»,- նշված է Հ.Թովմասյանի ու ՍԴ դատավորների տարածած հայտարարության մեջ:

Հունիսի 30-ին ԱԺ-ն փոփոխություններ կատարեց ՍԴ մասին սահմանադրական օրենքում, բայց  ՀՀ նախագահը հայտարարել է, որ չի ստորագրելու այն։ Սահմանադրագետ Վարդան Այվազյանի դիտարկմամբ՝ դա նշանակում է, որ Նախագահը պետք է այդ հարցի սահմանադրականության հարցով դիմի Սահմանադրական դատարան՝ հակառակ պարագայում կխախտի Սահմանադրությունը։ Արդյունքում՝ հայտնվել ենք փակ օղակում, որի պայմաններում երկրում սահմանադրական կարգի վերականգնումը շատ մշուշոտ է։

Փաստացի այսօր գոչություն չունի անհատական որեւէ ակտ, որը կարձանագրի դատավորների լիազորությունների դադարեցումը՝ բացի քաղաքական իշխանության հայտարարություններից։

Աղբյուր` Փաստինֆո