Իմփիչմե՞նթ է հասունանում. «Հրապարակ»

Եթե ո՛չ ստորագրում է, ո՛չ ՍԴ ուղարկում, այդ դեպքում օրենքն ընդունողները, ըստ Այվազյանի, պետք է իմպիչմենթի ենթարկեն նախագահին՝ Սահմանադրությունը կոպտորեն խախտելու համար

Նախօրեի ուշ երեկոյան հանրապետության նախագահի աշխատակազմից հաղորդագրություն տարածեցին՝ տեղեկացնելով, որ նախագահ Արմեն Սարգսյանն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը՝ հարակից օրենքով, չի ստորագրելու: Հիշեցնենք, որ խոսքը նույն օրը արտահերթ նստաշրջանով եւ հատուկ 24-ամյա ռեժիմով Ազգային ժողովի քննարկած եւ ընդունած «Սահմանադրական դատարանի մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» նախագծերի փաթեթի մասին է, որոնցով առաջարկվում է փոխել ՍԴ դատավորների թափուր տեղերի առաջադրումների հերթականությունը` առաջադրում կատարելու առաջին լիազորությունը վերապահել կառավարությանը, ապա՝ հանրապետության նախագահին, այնուհետեւ՝ Դատավորների ընդհանուր խորհրդին, ինչպես նաեւ՝ ՍԴ այն անդամները, որոնց լիազորությունները դադարեցվել են, եւ որոնք կենսաթոշակի իրավունք են ստանալու: Բայց որ ամենակարեւորն է՝ ՍԴ-ի մասին օրենքի ստորագրումից հետո միայն կդադարեցվեն իշխանության թիրախում հայտնված ՍԴ դատավորների լիազորությունները։

Բանն այն է, որ թեեւ իմքայլականների ընդունած սահմանադրական փոփոխություններն այս պահի դրությամբ ուժի մեջ են մտել, բայց, որպեսզի ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցվեն, անհրաժեշտ էր փոփոխություն կատարել ՍԴ-ի մասին օրենքում ու անհատական իրավական ակտերով դադարեցնել դատավորների լիազորությունները։ Եթե Սահմանադրական դատարանի մասին օրենքն Արմեն Սարգսյանը չի ստորագրում, ապա դատավորների լիազորությունները դադարեցված չեն համարվում։

Ինչ է սպասվում այս պարագայում, երբ նախագահը չի ստորագրում օրենքը: Այս հարցի շուրջ 2 օր շարունակ տրամագծորեն հակառակ տեսակետներ են հնչում։ Սահմանադրության 129-րդ հոդվածի համաձայն՝ «Ազգային ժողովի ընդունած օրենքը նախագահն ստորագրում ու հրապարակում է 21-օրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով: Եթե ՍԴ-ն որոշում է, որ օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում եւ հրապարակում է օրենքը: Եթե նախագահը չի կատարում սահմանված պահանջները, ապա ԱԺ նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում եւ հրապարակում է օրենքը»:

ՀՀ նախագահի աշխատակազմից դեռեւս չեն հստակեցնում՝ Արմեն Սարգսյանը դիմելո՞ւ է Սահմանադրական դատարան, թե՞ ոչ։ Երեկ մեր զանգերին նախագահականից որեւէ մեկը  չպատասխանեց, որպեսզի լսեինք, թե իրավական ինչ հիմնավորմամբ է նախագահը հրաժարվում օրենքները ստորագրելուց, քանզի այդ լիազորությունից իրեն դեռ չեն զրկել։ Թերեւս այդ որոշումը պետք է դիտարկել քաղաքական կոնտեքստում։ Տեղեկություններ կան, որ Արմեն Սարգսյանը, հասկանալով ու գիտակցելով, թե իրականում ինչպիսի հակասահմանադրական, հակաիրավական եղանակով է ՍԴ-ն կազմաքանդելու գործընթացը գնում, իրեն կամովին դուրս է դրել պրոցեսից՝ իշխանության վերնախավին ասելով՝ ինչ ուզում եք, արեք, բայց ինձ մի խառնեք այդ ամենին։ Սակայն այս պարագայում ոչինչ չանելն ու դիտորդի կարգավիճակ ստանձնելը նույնպես հանցանք է՝ հանցավոր անգործություն։ Մեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանը մեծ ցանկության դեպքում կարող էր հասնել նրան, որ Արմեն Սարգսյանը րոպեների ընթացքում ստորագրեր այս օրենքները, բայց գնդակն Արարատ Միրզոյանի դաշտ նետելով՝ նաեւ քաղաքական հարց է լուծում՝ իր մրցակցի վրա դնելով անհատական պատասխանատվության հարց։

Կան տեղեկություններ, որ Միրզոյանին ասվել է՝ չսպասել 21-օրյա սահմանադրական ժամկետին եւ այն հրապարակել ավելի շուտ։ Երկու օր է՝ Միրզոյանի թիմում գլուխ են կոտրում, թե ինչ իրավական հիմնավորում ներկայացնել, որ ժամ առաջ ստորագրվի օրենքը՝ կատարելով Նիկոլ Փաշինյանի կամքը։ Թե ի վերջո ինչ որոշում կընդունի Միրզոյանը, պարզ կդառնա առաջիկայում։ Երեկ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը մեր հարցին, թե երբ են հրապարակվելու օրենքի փաթեթները, պատասխանեց, որ դեռեւս հստակ որոշում չկա։

Բանն այն է, որ իրավաբանների եւ սահմանադրագետների ոչ իշխանական հատվածը երկու օր է՝ պնդում է․ եթե Արմեն Սարգսյանը նույնիսկ չդիմի ՍԴ, դա չի ենթադրում, որ ԱԺ նախագահը 5 օր անց կարող է հրապարակել օրենքը, եւ այն կհամարվի ընդունված, քանի որ Սահմանադրությունը 21 օր նախագահին ժամկետ է տալիս, եւ միայն այդքան օր անց են գործում մյուս կանոնակարգումները: Մինչդեռ իշխանական թիմում չեն պատրաստվում այդքան ձգել։ Մեկ էլ տեսար՝ տհաճ անակնկալներ մատուցեցին իրենց, օրինակ՝ ցանկացած պահի արձակուրդում գտնվող դատավորները կարող են վերադառնալ աշխատանքի, նիստեր հրավիրել եւ կայացնել «ճակատագրական» որոշումներ՝ կապված Ռոբերտ Քոչարյանի գործի, ԲՀԿ-ի՝ սահմանադրական փոփոխությունների սահմանադրականության հարցը վիճարկելու դիմումների հետ։

Երեկ իշխանության իրավաբան պատգամավորներն էլ էին իջել ջրի հատակը, մեզ պատասխանեց միայն պետաիրավականի անդամ Նազելի Բաղդասարյանը եւ ասաց, որ իր կարծիքով էլ ԱԺ նախագահը 21 օրից շուտ չի կարող հրապարակել օրենքը, եւ նա ունի «21+5» օր ժամանակ։
Սահմանադրագետ Վարդան Այվազյանի կարծիքով, նախագահի այս հայտարարությունը չի բխում իր սահմանադրական լիազորությունները պատկերացնելուց․ «Դրա համար Սահմանադրությունը տրամաբանորեն ասում է՝ եթե նախագահն օրենքի նախագծի հետ համաձայն չէ, նա 21-օրյա ժամկետում պարտավոր է դիմել ՍԴ: Եթե ՍԴ-ն կայացնի բացասական որոշում, օրենքի նախագիծը շրջանառությունից դուրս կգա, եթե դրական որոշում, որ օրենքի նախագիծը չի հակասում Սահմանադրությանը, այդ դեպքում նախագահը եթե ՍԴ որոշումից հետո էլ հրաժարվի ստորագրել, այսինքն՝ ՍԴ-ի հետ էլ համաձայն չէ, նոր այդ դեպքում տրամաբանորեն գալիս է, որ 5 օրվա ընթացքում ստորագրում եւ հրապարակում է ԱԺ նախագահը: Հիմա, այս պարագայում, երբ նախագահը հրաժարվում է ստորագրել եւ չի դիմում ՍԴ, դա բացարձակապես ԱԺ նախագահին իրավունք չի տալիս ստորագրել եւ հրապարակել օրենքի նախագիծը»: Իսկ եթե ո՛չ ստորագրում է, ո՛չ ՍԴ ուղարկում, այդ դեպքում օրենքն ընդունողները, ըստ Այվազյանի, պետք է իմպիչմենթի ենթարկեն նախագահին՝ Սահմանադրությունը կոպտորեն խախտելու համար։

hraparal.am