ԱՀԿ-ում մեկնաբանել են խոզի գրիպի նոր շտամի մասին հրապարակումը

Վիրուսը, որի մասին գրել են չինացի գիտնականները, եվրասիական խոզի գրիպի արդեն հայտնի շտամ է, որը նման է թռչնի գրիպին

Խոզի գրիպի վիրուսը, որի մասին գրել են չինացի գիտնականները, նոր չէ, դա խոզի գրիպի տեսակ է, որն արդեն հայտնի է, Ժնեւում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՀԿ արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Կարեւոր է մարդկանց հանգստացնել, ասել, որ սա նոր վիրուս չէ, սա վիրուս է, որը վերահսկողության տակ է: Մենք հետեւում ենք նրան»,- ասել է նա:

Նրա խոսքերով՝ վիրուսը, որի մասին գրել են չինացի գիտնականները, եվրասիական խոզի գրիպի արդեն հայտնի շտամ է, որը նման է թռչնի գրիպին: Հրապարակումը պարունակում է տեղեկատվություն այս շտամի վրա համաճարակաբանական հսկողության, այդ թվում՝ խոզերի շրջանում դրա էվոլյուցիայի մասին։

Ընդ որում, ԱՀԿ-ն ակնկալում է համագործակցել Չինաստանի հետ՝ հետագա իրավիճակը ուսումնասիրելու համար: