Շենգավիթի ՔՊ–ական թաղապետին մինչև 6 տարվա ազատազրկում է սպառնում. News.am

Աղբյուրի տեղեկություններով՝ ենթադրյալ բռնության ենթարկված համակարգչային տեխնիկայի օպերատոր–գործավար Գևորգ Պողոսյանը գործով ճանաչվել է որպես տուժող և հարցաքննվել
թաղապետ

NEWS.am–ի տեղեկություններով՝ հունիսի 15–ին Շենգավիթ վարչական շրջանի ՔՊ–ական ղեկավարի, նրա տեղակալի և օգնականի կողմից թաղապետարանի աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 309–րդ հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով։

Նշենք, որ քրեական օրենսգրքով նախատեսված այս արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Քրեական գործը հարուցվել է ոստիկանության ԵՔՎ Շենգավիթի բաժնում և նախաքննություն իրականացնելու նպատակով ուղարկվել Քննչական կոմիտե։

Աղբյուրի տեղեկություններով՝ ենթադրյալ բռնության ենթարկված համակարգչային տեխնիկայի օպերատոր–գործավար Գևորգ Պողոսյանը գործով ճանաչվել է որպես տուժող և հարցաքննվել։

Հիշեցնենք, որ Գևորգ Պողոսյանը հունիսի 18–ին ոստիկանությունում հաղորդում էր ներկայացրել և հայտնել, որ հունիսի 15–ին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի աշխատասենյակում վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, նրա տեղակալ Համլետ Գրիգորյանը և օգնական Անդրանիկ Մինասյանը ստիպել են իրեն աշխատանքից ազատման դիմում գրի, սակայն իր կողմից մերժում ստանալուց հետո Ռազմիկ Մկրտչյանը քաշքշել է իր հագուստից և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, ապա երեքով ծեծի են ենթարկել իրեն, քաշել ու վայր են գցել հատակին՝ պատճառելով մարմնական վնասվածք։