Պատկերացրեք, եթե ՍԴ-ն դադարեցնի 88 պատգամավորի լիազորությունները

Գործ ունենք «թունավոր ծառի պտուղների հետ»․ Սիրանուշ Սահակյան

սիրանուշ

Տեղի է ունեցել Սահմանադրության խախտում, որը դրսևորվել է նրանով, որ ԱԺ-ն առանց ՍԴ-ի կարծիքի քվեարկել և ընդունել է Սահմանադրական փոփոխություններ, ընդ որում՝ Վենետիկի հնաձնաժողովը ևս վերահաստատել է, որ ՀՀ Սահմանադրությունը հստակ է և այլընտրանք, քան պարտադիր վերահսկողություն իրականացնելն է՝ գոյություն չունի, հետևաբար, եթե պարտադիր Սահմանադրական վերահսկողությունը չի իրականացվում՝ մենք ունենում ենք ընթացակարգային կոպտագույն, լրջագույն խախտում, որը իր բնույթով նաև ակնառու է։ Այս մասին ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանն՝ ընդգծելով, որ իրավունքում ակնառու, կոպիտ ընթացակարգային խախտումները հանգեցնում են ակտերի առ ոչնչության:

«Առ ոչնչությունը դա նույն անվավերություն չէ, եթե անվավերության դեպքում այդ դեֆեկտավոր ակտը իրավական համակարգում առաջացնում է որոշակի հետևանքներ և այդ հետևանքները վերացվում են ակտը վիճարկելուց և անվավեր ճանաչելուց հետո, ապա առ ոչինչ ակտերը ի սկզբանե հետևանքներ չեն առաջացնում։ Միաժամանակ, կա սկզբունք, որ առ ոչինչ ակտին հաջորդող գործողություններ չկատարող անձը ազատվում է պատասխանատվությունից»,-ասաց նա։

Առ ոչինչ ակտերի վտանգների ակնառու լինելու համար Սահակյանը ներկայացրեց մի օրինակ․ «Ընդունենք, որ Սահմանադրական դատարանը դադարեցնի 88 պատգամավորի լիազորությունները, իսկ մենք գիտենք, որ Սահմանադրությամբ և օրենքներով պատգամավորի լիազորությունները դադարեցնում է ՍԴ-ն, սակայն ՍԴ-ն պետք է հետևի որոշակի ընթացակարգային կանոնների, այդ թվում, թե ումից պետք է գա նախաձեռնությունը, հիմա ՍԴ-ն նույն կերպ՝ ինչպես ԱԺ-ն է շրջանցել ՍԴ-ին՝ ՍԴ-ն էլ չսպասի ԱԺ-ի կողմից նախաձեռնության՝ ընդունի որոշում, որով դադարեցնում է 88 պատգամավորի լիազորություններ, ի՞նչ է, մենք ակնկալիք պետք է ունենանք, որ այդ 88 պատգամավորների լիազորությունները դադարեցված են և մենք պետք է գնանք արտահերթ ընտրությունների՞։ Իրականում՝ ոչ, որովհետև ընթացակարգային ակնառու դեֆեկտները, հակասահմանադրական քայլերը հանգեցնում են առ ոչնչության և դրանք հետևանքներ չեն առաջացնում»։

Իրավաբանը նաև ներկայացրեց «թունավոր ծառի պտուղների» տեսությունը, որն իր կիրառությունն ունի նաև ՀՀ իրավական համակարգում։ «Այդ «թունավոր ծառի պտուղները» ևս թունավոր են և դրանք իրավական համակարգում հետևանքներ չեն կարող ունենալ, ուստի իրավական առումով, մենք ունենք Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյան և ունենք ՍԴ շարունակաբար լիազորություններ իրականացնող 3 դատավորներ։ Սահմանադրականության տեսանկյունից վերջիններս են իրավասու այդ հարցը քննարկել։ Այլ հարց է, որ ԲՀԿ դիմումի առնչությամբ պետք է լինի նաև հաշվարկ, կլինի այդ թվի մաթեմատիկական հաշվարկ, թե ինքնուրույն իրավական սահմանումներով հաշվարկ՝ դա արդեն կորոշի ՍԴ-ն և ըստ դրա կընդունի համապատասխան որոշումներ։ Բայց ես կարծում եմ, որ ԲՀԿ դիմումը քննող լեգիտիմ կազմը սա ՍԴ-ի այն կազմն է, որը գոյություն է ունեցել 2015 թ-ի փոփոխություններից հետո և մինչ այժմ էլ իրավական առումով այդպիսին է»։

Սահակյանն ընդգծեց նաև, որ հետևաբար առ ոչինչ է նաև ԱԺ-ի կողմից տարածած հայտարարությունը, թե ՍԴ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՍԴ անդամ Աշոտ Խաչատրյանը։ «Որևէ հետևանք այդ գործողությունները չեն կարող առաջացնել։ Դրանք բոլորը «թունավոր ծառի» «թունավոր պտուղներ են», որոնք իրավական համակարգում գոյություն չունեն ի սկզբանե։ Դրանց ճանաչում որպես առ ոչինչ՝ կարիք չկա, պետք էլ չի պահել դրանք իրավական գործողության մեջ, մինչև դրանք դատարական ընթացակարգերով դրանք ճանաչվեն այդպիսին»,-ասաց նա։

Անդրադառնալով դիտարկումներին, որ եթե ՍԴ 3 անդամները չենթարկվեն Սահմանադրական փոփոխությունների առաջացրած հետևանքներին և չհեռանան ՍԴ դատավորի պաշտոններից՝ կարող են քրեորեն հետապնդվել՝ Սահակյանն ասաց, որ այն անձինք, ովքեր նման պնդումներ են անում, երևի թե արքունական իրավաբանների խմբի անդամներ են, ովքեր հենց կոչված են խմբային քաղաքական շահ սպասարկելու։

«Բայց իրավագիտությունը ճշգրիտ է և իրավագիտության մեջ թեզեր կան, որ գոյության իրավունք չունեն, առ ոչինչ ակտերը իրավաբանական կան ուժ չունեն, ենթակա չեն կատարման, այդպիսի ակտեր չկատարելը չի առաջացնում որևէ իրավական հետևանք այն անձանց համար ում դրանք հասցեագրված են, ավելին՝ այդ ակտերի կիրառումն է, որ առաջացնում էպատասխանատվությունը՝ ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն։ Այս պարագայում ՍԴ-ի դատավորները, եթե առաջնորդվեն հակասահմանադրական որոշմամբ և չղեկավարվեն Սահմանադրությամբ, իսկ վերջիններս հենց Սահմանադրությամբ են միայն առաջնորդվում, կհայտնվեն հակաիրավականության տիրութում և այստեղ կարելի է խոսել իրենց պատասխանատվության մասին, բայց Սահմանադրական փոփոխությունները, որոնք առ ոչինչ են՝ դրանք իրենց համար հետևանք չեն առաջացնում և դրանք չկատարելը որևէ պատասխանատվություն այս անձանց համար չի կարող առաջ բերել»,- ընդգծեց Սահակյանը։

Նյութի աղբյուրը՝ ArmDaily.am