Հեղափոխությունը կանգնել է ժողովրդի կոկորդին․ պետք է դուրս շպրտել այն մեր օջախներից․ Միքայել Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինասյանը վստահ է, որ շուտով Հայաստանը, ազատվելով հեղափոխական միֆից, կսկսի ստեղծել բարեկեցիկ ու անվտանգ կյանք, ուր մարդիկ ունենալու են ազատ արտահայտվելու իրավունք և իրապես լինելու են հպարտ

ՀՀ-ում ապրիլ-մայիսյան իրադարձությունների համար անխտիր բոլորս պատասխանատու ենք՝ ուղիղ, թե անուղղակի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տարածած տեսանյութում ասաց Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը։

«Բոլոր այն մարդիկ, որոնք լսել են, տարածել են բամբասանքներ, բոլոր այն մարդիկ, որոնք ենթարկվում էին Լոս Անջելեսից կամ Ռոստովից ֆեյսբուքյան գրառումների ազդեցությանը։ Չկա այս պատմության մեջ ոչ մեղավոր։ Բայց ամենակարևոր մեղավորը տեխնոլոգիաներն են, որովհետև մենք մի միջավայրում ենք ապրում և գործում ենք մի միջավայրի կանոններով, որը մեզ թելադրված է տեխնոլոգիաների միջոցով»,- նշեց նա։

Միքայել Մինասյանը խոսեց մի տեխնոլոգիայի մասին, որը կոչվում է «հերոս»։ Նպատակը՝ ժամանակավոր հերոսներ ստեղծելն է, որոնք պետք է ստվերեն պրոցեսները կամ իրական հերոսներին, կամ փոխեն իրական արժեքները։ Վերջին նմանատիպ տեխնոլոգիան, ըստ դեսպանի, Արտուշ պապիկն էր, երբ նրան ապրիլի 24-ին թույլ չտվեցին բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հետո կեսգիշերին վարչապետի հանձնարարությամբ, ոստիկանների ուղեկցությամբ ի վերջո նա ծաղիկներ խոնարհեց Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։

«Սկբում նա դարձավ հերոս, ուղիղ մեկ ամիս անց նույն մարդիկ սկսեցին թաղել Արտուշ պապիկին, որովհետև պարզվեց, որ նա սովորական մարդ է, որն ունի իր դրական և բացասական կողմերը։ Կարևոր կտոր․ այդ ընթացքում ստվերվեց քաղաքական և ազգային կարևոր փաստ՝ Հայոց ցեղասպանության ամբողջ քաղաքական միջոցառումները։ Սա իրականում տեխնոլոգիայի կիրառում է»,- նկատեց նա։

Դեսպանը ներկայացրեց նաև հեղափոխության ժամանակ կիրառված մի քանի այլ տեխնոլոգիաներ, օրինակ՝ «ոստիկան Աշոտի տատիկը», երբ իրականում ոչ Աշոտը կար, ոչ տատիկը։ Բեմահարթակից ժողովրդին դիմած հերոս Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկը ևս տեխնոլոգիա էր․ «Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը մինչ օրս մարդկային ներողություն չի խնդրել հերոսի ընտանիքից»։

Միքայել Մինասյանի համոզմամբ՝ ժողովուրդը մշտապես տեխնոլոգիաների զոհ է եղել։ Օրինակ, մշտապես երիտասարդ զույգեր են հայտնվել ցուցարարների շրջանում և սկսել են համբուրվել։ Նիկոլ Փաշինյանը վիրակապված ձեռքով լուսանկարը և նմանատիպ լուսանկար Մոնթե Մելքոնյանից հրապարակվում էին սոցիալական ցանցերում։ Սպիտակ անունով շունը ՊՊԾ գնդի գրավման օրերին, Չալոն կամ Քայլոն հեղափոխության օրերին նույնպես, ըստ Միքայել Մինասյանի, «հերոսներ» էին։

Նա նշեց՝ բոլորն են հիասթափված․ «Երբ մարդիկ անջատում են լայվը, տեսնում են իրականությունը, որտեղ ՀՀ քաղաքացիները հպարտ չեն, ՀՀ քաղաքացիները ամեն օր ավելի վատ են ապրում, հիվանդանում են, և չեն օգնում դիմակները, որտեղ մեռնում են մարդիկ, բայց դուք դրա մասին չեք խոսում, որովհետև դուք լայվերի ու լայքերի համար եք ստեղծված»։

Մինասյանի դիտարկմամբ՝ ՀՀ-ում կար միֆ, որը պայթեց․ «ՀՀում կար կարծիք, որ մեզ պետք էր հեղափոխություն, որ սկսենք լավ ապրել։ Հայաստանն ունեցավ իր խեղկատակ հեղափոխությունը։ Սկզբում մեզ ասում էին, որ մենք լավ ենք ապրելու, հետո՝ որ մենք նույն ձևով ենք ապրում, բայց հպարտ ենք և մեր դեմքին կա ժպիտ։ Հիմա մեզ ասում են՝ մենք վատ ենք ապրում, բայց եթե դուք բողոքեք, ուրեմն Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի հետևորդն եք, և գոհ եղեք, որ մենք ենք»։

Մինասյանը վստահ է, որ շուտով Հայաստանը, ազատվելով հեղափոխական միֆից, կսկսի ստեղծել բարեկեցիկ ու անվտանգ կյանք, ուր մարդիկ ունենալու են ազատ արտահայտվելու իրավունք և իրապես լինելու են հպարտ․ «Հեղափոխությունը կանգնել է ժողովրդի կոկորդին ու զրկում է մեզ մեր ապագայից․ պետք է դուրս շպրտել այն մեր օջախներից»։