Երեսպաշտությունն ու պոպուլիզմը ձեր և ձեր նմանների նշանաբանն է․ Վահան Արծրունին՝ Բաբկեն Թունյանին

Ոչ հարգանքի, ոչ վստահության տեղ չեք էլ թողում

Երևանի պետական բժշկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի ղեկավար Վահան Արծրունին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ պատասխանելով ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի՝ գույքահարկի բարձրացումից դժգոհող երևանցիների ֆեյսբուքյան ակցիայի վերաբերյալ գրառմանը։

«Քանի համացանցում տարածվում էր «Ես բնիկ եմ և սա իմ քաղաքն է» ֆլեշմոբը, քանի դեռ նրան միանում էին մայրաքաղաքի էությունը, սիրտը և ոգին ներկայացնող մտավորականներ, արվեստագետներ, գիտնականներ և պարզապես ազնիվ քաղաքացիներ, քանի դեռ պարոն Թունյանը հրավիրում էր մեզ` բնիկների շահերը ներկայացնող քաղաքացիներիս բաց քննարկման, ԱԺ երկրորդ ընթերցմամբ ընդունեց այս խայտառակ օրենքը նոր, ավելի բարձր գնացուցակով:

Պարոն Թունյան, ինչպե՞ս սրանից հետո ձեզ հետ որևէ հարց քննարկել: Երեսպաշտությունն ու պոպուլիզմը ձեր և ձեր նմանների նշանաբանն է: Ոչ հարգանքի, ոչ վստահության տեղ չեք էլ թողում:

Իսկ քեզ, սիրելի հանրություն, որը հակադրեց իրեն բնիկների իրավունքներին, շնորհավորում եմ` մեր անմիաբանության և առաջնայինը երկրորդականից չտարբերելու հետևանքները կքաղեք առաջիկա տարիներին, ստորև ներկայացվող գնացուցակով»:

Հիշեցնենք, որ երեկվանից սոցցանցերում սկսվեց արշավ ընդդեմ գույքահարկի բարձրացման օրենքի։ Հասարակական-քաղաքական գործիչները «Ես բնիկ եմ և սա իմ քաղաքն է» գրությամբ ակցիա էին սկսել՝ բողոքելով գույքահարկի բարձրացման դեմ։

Ավելի ուշ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հրավիրել է ակցիայի մասնակիցներին ԱԺ՝ գույքահարկի թեման քննարկելու։