Իլհամ Ալիևի հարցազրույցը հումանիտար օգնություն էր Նիկոլ Փաշինյանի համար. Աղասի Ենոքյան

Օրեր առաջ Դավիթ Շահնազարյանը իր հարցազրույցում ասել էր․ «Այսօր ես վստահ չեմ, որ Հայաստանի հատուկ ծառայությունները տեղեկություններ ունեն այն մասին, թե ինչ հայտարարություններ են մեզ սպասում հունիսի 26-ին Ադրբեջանից»

Իլհամ Ալիեւի հարցազրույցը հումանիտար օգնություն էր Նիկոլ Փաշինյանի համար։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը։

«Հայաստանի հանդեպ ծայրագույն մեղադրանքներին, պատերազմի տաք փուլին անցնելու գաղափարական-քարոզչական նախապատրաստական համազարկերին Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանի փոխարեն Ալիեւի «պասը» վերցրեց նրա մամուլի քարտուղարուհին, եւ դա օգտագործեց կրկին Սերժ Սարգսյանի, նախկին ռեժիմի, կոռուպցիոների եւ այլ տրաֆարետային մեղադրանքների մեջ։

«Կիրթ մարդու» հայտարարությունը պետք է, որ անսպասելի չլիներ։ Օրեր առաջ Դավիթ Շահնազարյանը իր հարցազրույցում ասել էր․ «Այսօր ես վստահ չեմ, որ Հայաստանի հատուկ ծառայությունները տեղեկություններ ունեն այն մասին, թե ինչ հայտարարություններ են մեզ սպասում հունիսի 26-ին Ադրբեջանից։ Համոզված եմ, որ դրանք կլինեն ռազմատենչ հայտարարություններ, որոնցում ընդգծված կլինի, որ միջազգային հանրությունն իրենց իրավունք է տվել լուծելու հակամարտությունը պատերազմի միջոցով»:

Ալիեւը հայտարարությունն արեց ուղիղ հունիսի 26-ին, իսկ Ալիեւին օժանդակությունը նաեւ միկրոմակարդակում էր։ Որպես օգնություն Ալիեւին նաեւ կոտրվեց «Գոլոս Արմենիի» թերթի կայքը, որտեղ հրապարակվել էր այս հարցազրույցը։ Մինչեւ հիմա հայ պաշտոնյաները չեն կարողանում բացահայտել՝ արդյո՞ք դա ներհայաստանյան հարձակում էր կայքի վրա, թե դրսից էր։

Կարծում եմ, եթե ներսից է, ապա հարցեր չկան, թե ով է կազմակերպել, ամեն ինչ պարզ է։ Իսկ եթե հարձակումը դրսից է, ապա պատասխանատուները էլի շատ հեռու չեն, քանի որ համապատասխան պաշտոնյաները Հայաստանի ինֆորմացիոն դաշտը բերել են մի վիճակի, երբ Ադրբեջանը կարողանում է մեր հիվանդների մասին տեղեկություններ հանել-հրապարակել եւ իրենց ոչ հաճելի տեղեկատվական կայքերը կոտրել։

Կրկին պատճառը պարզ է․ ներքին ինֆորմացիոն անվտանգության ողջ ուժերը նետվել են Ալիեւի կողմից «պասերը» վերցնելու եւ նախկիններին թիրախավորելու վրա, ինչի պատճառով արտաքին ինֆորմացիոն ճակատն ամբողջովին բաց է մնացել։ Չգիտեմ, թե Հայաստանի ու Արցախի ժողովուրդներն ինչպես, բայց նման լուծումը գոհացնում է Ադրբեջանի ժողովրդին»,– գրել է նա։