ԱԱԾ-ն փնտրում է «հականիկոլականների՞»

Ներկայանալով որպես ԱԱԾ աշխատակիցներ` գրասենյակի շրջակայքում գտնվող խանութներից, հարեւաններից հարցուփորձ են արել գրասենյակի մասին ու տվել տարօրինակ հարցեր, թե արդյոք այս նախաձեռնությունը ծավալում է, այսպես ասած, «հականիկոլական» գործունեությունը

«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ «Իրավունքի» տեղեկությունների` «Բեւեռների միացում» ազգային նախաձեռնության հիմնադիր-ղեկավար Արթուր Վարդանյանը երեկ ինքնակամ գնացել էր ԱԱԾ: Խնդիրն այն է, որ «Բեւեռների միացում» նախաձեռնության նորաբաց գրասենյակը կարծես թե հայտնվել է Ազգային անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում:

Ներկայանալով որպես ԱԱԾ աշխատակիցներ` գրասենյակի շրջակայքում գտնվող խանութներից, հարեւաններից հարցուփորձ են արել գրասենյակի մասին ու տվել տարօրինակ հարցեր, թե արդյոք այս նախաձեռնությունը ծավալում է, այսպես ասած, «հականիկոլական» գործունեությունը: Թե ինչ նկատի ունեն այս ձեւակերպման տակ, դժվար է գուշակել: Ամեն դեպքում, զարմանալիորեն, վերջիններիս անհանգստացրել է նաեւ գրասենյակի առջեւ ծածանվող եռագույն դրոշը:

Ավելին` հարեւանների պնդմամբ` մի քանի օր առաջ անհայտ անձանց կողմից նույնիսկ փորձ է կատարվել ներխուժել գրասենյակ: Թե արդյոք վերոնշյալ հարցման հեղինակներն իսկապես ԱԱԾ աշխատակիցներն են եղել, եւ ինչ նպատակ է հետապնդում այս ամենը, ըստ նույն տեղեկությունների, Ա. Վարդանյանն անձամբ փորձել է պարզել ԱԱԾից: Իսկ թե ինչ է պարզվել, կներկայացնենք թերթի առաջիկա համարներից մեկում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում