Քիչ առաջ ԲՀԿ-ն օրենքով, սահմանված ժամկետում դիմել է Սահմանադրական Դատարան․ Ի՞նչ հաշվարկով

ԲՀԿ ֆրակցիան ամբողջ կազմով, Տիգրան ուրիխանյանի հետ միասին ստորագրել է դիմումի տակ

«Հարգելի հայրենակիցներ,որպես ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ուզում եմ տեղեկացնել,որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության իմ գործընկերները,ես և անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը օրենքով սահմանված ժամկետում ՀՀ Սահմանադրական դատարան ուղարկեցինք Սահմանադրական դատարանին ուղղված դիմումը»:

Քիչ առաջ այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: Խոսքը սահմանադրական փոփոխությունների հարցով ՍԴ դիմելու մասին է, որը հակասում է ՀՀ Սահմանադրության 169-րդ Հոդվածին, ինչպես նաև ՀՀ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 86-րդ Հոդվածին, որով ուղղակիորեն նախատեսվում է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո անպայմանորեն պիտի ներկայացվի Սահմանադրական դատարան՝ պարզելու առաջարկվող փոփոխությունների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։

Հիշեցնենք, որ ԲՀԿ ֆրակցիան ամբողջ կազմով ստորագրել է դիմումի տակ, Տիգրան Ուրիխանյանի միանալուց հետո ստացվում է 26 պատգամավորի ստորագրություն: ՍԴ դիմելու համար օրենքը պահանջում է պատգամավորների 1/5-րդ մասի ստորագրությունը: Սակայն արդեն երկար ժամանակ է, որպես ԱԺ ներկա գումարման պատգամավորների թվի մեկ հինգերորդ մաս, նշվում է 27 թիվը։ Մինչդեռ Արման Աբովյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մեկ հինգերորդ մասը կազմում է 26.4 պատգամավոր, իսկ հանրահաշվական կանոններով այդ թիվը կլորացնելուց հետո ստացվում է ոչ թե 27, այլ 26.«Հիմա դիմել ենք, տեսնենք ՍԴ-ն վարույթ կընդունի, թե ոչ»: