Այնպես չլինի, որ մենք նորից խոսենք «հայի ետին խելքի» ու թուրքի «դիվանագիտական տաղանդի» մասին

Հիմա մենք նույնպես կանգնած են գլոբալ փոփոխությունների առջև՝ մեծ ցնցումներ, վերադասավորումներ են սկսվում՝ ակնհայտորեն, ու հիմա դա է առաջնայինը

Քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«1918-ին Հայաստանի ստեղծումը աշխարքաղաքական գլոբալ փոփոխությունների արդյունք էր: Հայաստանի հետ զուգահեռ տասնյակ նոր երկրներ էին ստեղծվել, իսկ ոմանք՝ կործանվել: Դա շախմատային պարտիայի արդյունք էր՝ ոչ կանխորոշված, բայց խաղի ընթացքում շանս պարունակող: Մենք այդ շանսը 30% ենք իրացրել ու դրանում մենք ենք մեղավոր:

1991-ի անկախությունն էլ էր աշխարքաղաքական փոփոխության հետևանք, ղարաբաղյան պատերազմն էլ էր դրանով թելադրված:  Իսկ մինչ այդ, 1828-ին, արդեն ռեգիոնալ աշխարքաղաքական փոփոխությունների արդյունքում էր, որ հայերը ազգային օջախի ստեղծման շանս ստացան:

Հայաստանի ստեղծման պատճառն այն չէր, որ Ռուսաստանը հայերին սիրում էր, կամ որևէ մեկին չէր սիրում, դա աշխարքաղաքական խճանկարի պարտադրանքն էր՝ ուժերի բալանսի վրա կայացրած, հիմնված որոշում կայացնողների քաղաքական շահի վրա:

Փոքր երկրներն առաջանում ու ոչնչանում են մեծ երկրների աշխարքաղաքական բալասի փոփոխությունների հետևանքով, ու հաճախ սահմանները քանոնով են գծում, առանց ուշադրություն դարձնելու այնտեղ բնակվողների կարծիքների վրա:

Հիմա մենք նույնպես կանգնած են գլոբալ փոփոխությունների առջև՝ մեծ ցնցումներ, վերադասավորումներ են սկսվում՝ ակնհայտորեն, ու հիմա դա է առաջնայինը: Այս պայմաններում «հեղափոխություն-հակահեղափոխություն» մտքի վարժանքի հետևանքով  այնպես չլինի, որ մենք նորից խոսենք «հայի ետին խելքի»  ու թուրքի «դիվանագիտական տաղանդի» մասին: Ամեն ինչ խանխատեսի է ու բավականին թափանցիկ»: