Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները սխալ արեցին՝ դիմումը հետ վերցնելով

Անկախ դիմումը հետ վերցնելու հանգամանքից ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի գործով քննությունը շարունակվելու է

«Մեր ասուլիսից հետո որևէ իրողություն չի փոխվել»,-ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ արձագանքելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից ՍԴ ներկայացված երկու դիմումները հետ վերցնելու մասին հայտարարություններին։

«Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով երկու դիմում կա ՍԴ-ում, մեկը պաշտպանական կողմն է ներկայացրել, մեկը դատարանն է ներկայացրել։ Գիտեք, դատավորը, ինչի հետ կապված նրա նկատմամբ պրոցեսներ են սկսկել, ինչին մենք արձագանքել ենք։ Եվ հիմա Քոչարյանի փաստաբանական թիմը իր դիմումը հետ է վերցնում»,-ասաց նա։

Ըստ նրա՝ անկախ դիմումը հետ վերցնելու հանգամանքից ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի գործով քննությունը շարունակվելու է։

«Եվ մենք նույնպես կարծում ենք, որ անպայման այս գործով պետք է որոշում լինի։ Դիմումը հետ վերցնել ինչ-որ սոուսով... ո՞վ է եղել Սահմանադրական դատարանի դիմաց այդ բրիֆինգին։ Ով եղել է այնտեղ, այդ մարդուն խաբել են։ Նրանք ասում են, դիմումը հետ ենք վերցնում, նախապայմանը չկա։ Եթե մեզ ասեին, դիմումը հետ ենք վերցնում, դուք կդիմե՞ք ՍԴ, մենք կասեինք՝ ընդհանրապես անիմաստ է դիմումը հետ վերցնելը»,-ասաց նա։

Նա նշեց, կարող էին, թող ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին խնդրեին, որ գործը երեկ քններ, այսօր որոշումը հրապարակվեր, իրենք էլ վաղը ՍԴ կդիմեին։

«Եթե դա չեն արել, դա կարան անեին։ Ես հիմա էլ եմ հորդորում, թող հիմա ՍԴ-ն քննի, երեկոյան որոշում կայացնի, գրավոր ընթացակագով գործ է, մենք կդիմենք»,-հայտարարեց Մարուքյանը՝ ավելացնելով, որ այս ամենն ուրիշ բանի համար է։
Մարուքյանն ասաց, իրենց ասուլիսից հետո իրենց դեմ քննադատություններ ու հայհոյախուսություններ են տեղի ունենում, լայնածավալ հարձակում է սկսվել «Լուսավոր Հայաստան» դեմ։

«Ես երբևէ որևէ մեկի քննադատությունից չեմ նեղվել և քննադատելու մեջ որևէ վիրավորական բան չեմ տեսել։ Երեկ և դրանից մի քանի օր առաջ շանտաժի միջոցով մեր նկատմամբ տեղի է ունենում հայհոյախոսություն, ակնհայտ վիրավորական բառապաշարով հայտարարություններ և ֆեսյբուքում գրառումներ։ Հիմա մեկնարկել է 2-րդ ալիքը և դա էլ նրա համար է, որ ինձ հայհոյեն և մեզ վարկաբեկեն։ Ընդդիմադիր դաշտը վարկաբեկման միջոցով ազատել են ուզում, որպեսզի իրենք կարողանան իրենց տեղը գտնել ըննդիմադիր դաշտում»,-ասաց պատգամավորը։