Սահմանադրական կարգի տապալման մասին խոսք չկա․ Ռ․ Բադասյանը՝ սահմանադրական բարեփոխումների մասին

Ցավում եմ, որ ժողովրդի իրավունքի իրացումն ԱԺ-ի միջոցով, կարող է դիտվել որպես հանցագործություն

Ցանկացած անձ՝ այդ թվում տիկին Գյուլումյանը, կարող է օգտվել անկախ դատական քննության իրավունքից: Սահմանադրության տեքստի փոփոխությամբ, որը այսօր հրապարակվել է, նշված է, որ թե՛ անդամի և թե՛ դատավորի ընդհանուր տևողությամբ 12 տարի պաշտոն զբաղեցրած  անձանց է վերաբերում․ այս մասին ասաց Արդարատատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի այն պնդմանը, որ իր լիազորությունների դադարեցումը անօրինական է, և պատրաստվում է  վիճարկել  վարչական դատարանում։

Հարցին, թե այս նախագծում ինչո՞ւ ներառված չէ այն մարդն, ով մեկ տարի է չի աշխատում, արդյո՞ք ձեզ այդ հանգամանքը չի մտահոգում, Ռուստամ Բադասյանը պատասխանեց.

«Ի՞նչ կապ ունի մեկ տարի աշխատել –չաշխատելը՝ Սահմանադրության փոփոխությոնների հետ: Դուք ի՞նչ նկատի ունեք աշխատել ու չաշխատելու ասելով: Եթե որևէ մեկը պաշտոնատար անձ է  և չի աշխատում  ինձ մտահոգում է և պետք է մտահոգի բոլոր քաղաքացիներին»:

Լրագրողը հետաքրքրվեց՝  այդ դեպքում ի՞նչ քայլեր եք ձեռնարկում, Ռուստամ Բադասյանը պատասխանեց.

«Իմ գործառույթներից բխող որևէ քայլ չկա, եթե որևէ դատավոր չի աշխատում, այլ հարց է, թե ինչ նկատի ունեք աշխատել և չաշխատել ասելով»:

Հարցին, թե Վենետիկի հանձնաժողովի կարծիքը  դեռ չէր հրապարակվել, սակայն դուք  նախագիծը դրեցիք շրջանառության մեջ, Ռուստամ Բադասյանը պատասխանեց.

«Ինչ վերաբերում է որոշակի շրջանակի ճնշման խղճուկ փորձերին, ես կարծում եմ այդ անձանց  կատարած հանցագործությունները կբացահայտվեն՝ արդար դատաքննության շրջանակներում: Սահմանադրական կարգի տապալման մասին խոսք լինել չի կարող: Ցավում եմ, որ ժողովրդի իրավունքի  իրականացումը ԱԺ-ի միջոցով կարող է դիտվել՝ որպես հանցագործություն»:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ ՍԴ նախագահը նշել է, որ շարունակելու է աշխատել և իրավական ակտը առոչինչ է: Նման պարագայում ի՞նչ միջոցներ են ձեռնարկվելու, Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ չի կարծում  հարկադրանքի կարիք կլինի:

 Նա նշեց, որ Սահմանադրության փոփոխություներն ուժի մեջ կմտնի վաղը և ցանկացած անձ պետք է ենթարկվի.

«Պատկերացրեք մեկ ֆիզիկական անձ մտնում է Սահմանադրական դատարան և ասում է՝ ես դատավոր եմ և իրականացնելու եմ  արդարադատություն, ո՞նց եք դա պատկերացնում, հնարավոր չի»:

Դիտարկմանը թե՝ ֆիզիկական անձ ո՞ւմ նկատի ունի՝ ՍԴ երեք դատավորների՞ն, պատասխանեց.

«Նկատի ունեմ այն այն անձին, ով ՍԴ դատավոր չի համարվում և կմտնի և ՍԴ-ում արդարադատոթյուն կիրականացնի»:

Հարցին, թե ժողովրդավարության հոգուն որքանո՞վ է համահունչ, որ  ՍԴ-ում բարձր  պաշտոն զբաղեցնող երեք անձիք և նախագահը քաղաքական  մեծամասնության որոշմամբ մեկ օրում զրկվում են աշխատանքից, նախարարը պատասխանեց.

«Իսկ որևէ մեկի համար  նորմա՞լ է, որ ունենանք ՍԴ դատարան, որի մոդելը այն է, որ 12 տարով են դատավորները պաշտոնավարում և 7 դատավոր պաշտոնավարում են ցմահ, իսկ նոր նշանակված երկու դատավոր՝ 12 տարի: Կարևոր է ֆիքսել, որ չի կարող  դատական մի մարմնում լինի երկու տարբեր կարգավիճակ ունեցող անձ, այդ թվում պաշտոնավարման մասով: Եվ փոփոխություների իմաստն այս մոդելի կյանքի կոչելն է»:

Հարցին, որ Հրայր Թովմասյանը ասել է, որ ամոթի զգացում է ապրել  ԱԺ-ում կատարվածի համար, նախարարը պատասխանեց.

«Իմ մոտ ամոթ է առաջացնում, որ հնարավոր է կյանքի կոչել մի մոդել, ամրագրել այն, այնուհետև մի քանի օր առաջ նախորդ Սահմանադրության խմբագրությամբ ընտրվել ՍԴ նախագահ, որպեսզի պաշտոնավարես  այդ պաշտոնում ցմահ: Ինչպես նաև ամոթ է քաղաքական իրենց առաջնորդի կատարածը, երբ ի լուր աշխարհի և ժողովրդի ստեց, որ Սահմանադրությունը չի փոխվում իր վերարտադրության համար և հետո կատարվեց այն, ինչ կատարվեց»: