Նշվում է, որ երեք դատավորների լիազորությունները պետք է դադարեն սահմանադրական այդ փոփոխություններով, բայց մեր կարծիքով, այդ փոփոխություններով լավագույն դեպքում կարող են դադարել երկու դատավորների լիազորությունները՝ բացի ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի լիազորություններից: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Հետեւաբար, երկու դատավորի փոփոխություն է փորձում անել իշխանությունը, ինչպես նաեւ ՍԴ նախագահի լիազորությունների դադարում, ինչը վարչական պաշտոն է: ՍԴ նախագահը չունի երկու ձայն, նա ունի մեկ ձայն քվեարկությունների ժամանակ: Այս առումով, մեծ փոփոխություն չկա: Հանրային պրոպագանդան, որ սա ուղղված է Հրայր Թովմասյանին փոխելուն, ըստ էության, այս փոփոխությամբ տեղի չի ունենում: Ես ասել եմ, որ ուզում են թնդանոթով կրակել ճնճղուկի վրա: Անգամ այդ իրավիճակում պրոպագանդված նպատակը չի բավարարվում, որովհետեւ Հրայր Թովմասյանը շարունակում է մնալ ՍԴ դատավոր»,-ասաց նա:
«Դա նույնն է, որ օրինակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը նախաձեռնի, որ ինձ մանդատից զրկեն, քանի որ Սահմանադրությամբ պատգամավորը 5 տարվա մանդատով է ընտրվում, իսկ ես արդեն 8 տարի է պատգամավոր եմ: Դա նույն բանն է»,-ընդգծեց Մարուքյանը:
Նշենք, որ ըստ սահմանադրական փոփոխությունների դադարեցվում են ՍԴ այն դատավորների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի: Ալվինա Գյուլումյանը վերջին անգամ ՍԴ դատավոր է դարձել 2014 թվականին, այսինքն անցել է ընդամենը 6 տարի, սակայն բանն այն է, որ նա 1990-ականներին եւս եղել է ՍԴ անդամ, որտեղից գործուղվել է ՄԻԵԴ աշխատանքի: Այդ տարիների հանրագումարով նա ՍԴ-ում պաշտոնավարել է 12 տարուց ավելի:
0Comments