Էդմոն Մարուքյանը մերժեց ԲՀԿ-ին. «Լուսավոր Հայաստանը» ՍԴ չի դիմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կդիմենք ՍԴ միայն Քոչարյանի գործով քննության ավարտից հետո. Մարուքյան

Ազգային ժողովը ժամերի ընթացքում ընդունեց Սահմանադրական փոփոխությունները եւ խախտելով Սահմանադրությունը այն չուղարկեց ՍԴ կարծիքի համար: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Բացի այդ, ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարեց, որով ՀՀ նախագահին զրկեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ստորագրելու իրավունքից»,-ասաց նա:

ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանն իր հերթին նշեց. «Միջին իրավաբանական գիտելիքներ ունեցող ՀՀ քաղաքացու համար պարզ էր, որ այն բոլոր գործողությունները, որ կատարվեցին խախտում են Սահմանադրությունը: Առաջին խախտումն այն է, որ երբ ԱԺ-ի կողմից ընդունվում են սահմանադրական փոփոխությունները, մինչեւ երկրորդ ընթերցումը պետք է ուղարկվեն ՍԴ եզրակացության համար: Դա կարգավորվում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասով: Սա ակնառու խախտում է եւ այս հարցը պետք է դառնա  քննարկման առարկա: ԱԺ կանոնակարգ օրենքի 86-րդ հոդվածը որը տալիս է ընթացակարգ, թե ինչպես պետք է տեղի ունենա ՍԴ դիմումը, այլ կերպ է մեկնաբանվել իշխանության ներկայացուցիչների կողմից:

Մյուս կարեւոր խախտումն այն է, որ ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխություններով ՀՀ նախագահին զրկել են սահմանադրական փոփոխությունները ստորագրելու իրավունքից, ինչը եւս ՀՀ օրենսդրության եւ Սահմանադրության խախտում է:

Այս խախտումների հիման վրա Սահմանադրությունը հնարավորություն է տալիս ԱԺ պատգամավորների 1/5-ին դիմել ՍԴ: ՍԴ դիմելու հիմքերից մեկը օրենքների, ԱԺ որոշումների, ենթաօրենսդրական ակտերի վիճարկումն է: Այս հիմքով վիճարկվելու է ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան փոփոխությունները, որով ՀՀ նախագահինզրկել են իր լիազորություններից:

Մեկ այլ հիմքը սահմանադրական մարմինների լիազորությունների շուրջ առաջացած վեճն է: Վեճն այն է, թե արդյոք ԱԺ-ն իրավունք ուներ չդիմել Սահմանադրական դատարան, թե ոչ: Այս հարցերի պատասխանը տվող միակ մարմինը ՍԴ-ն է»:

Անդրադառնալով նրան, որ պետք է ՍԴ-ում վիճարկվեր սահմանադրական փոփոխությունների  սահմանադրականությունը, Տարոն Սիմոնյանն ասաց. «Սահմանադրության 168-րդ դրույթի համաձայն դա չի կարող վիճարկվել ՍԴ-ում, որովհետեւ սահմանադիրը այդ դրույթը գրել է այն կանխավարկածով, որ ԱԺ-ն ինքը պարտավոր դիմել ՍԴ:

Եթե մեր գործընկերները այս հիմքերն նտեսում են, ապա ես հիմքեր ունեմ կասկածելու, որ նրանք կամ գիտակցված խեղաթյուրում են Սահմանադրության պահանջները, կամ էլ ամբողջ հասարակության մեջ ազնիվ տգիտության քարոզ են իրականացնում»:

Էդմոն Մարուքյանը խոսեց այն մասին, որ կա պնդում, որ այս ամենը առնչություն ունի ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի գործի քննության հետ, որը նախատեսված է հուլիսի 7-ին. «Որպեսզի որեւէ ձեւով չմիջամտենք այս գործընթացին, այսինքն չընկալվի, որ մենք նույնպես փորձում ենք միջամտել այս գործընթացին… վեճի հետ կապված հարցերով Սահմանադրությունը տալիս է 3 ամիս ժամկետ, իսկ օրենքի հետ կապված ընդհանրապես ժամկետ չկա: Հիմա մենք դիմումի վրա կաշխատենք, կուժեղացնենք, եւ հենց որ երկրորդ նախագահի գործով նիստը տեղի կունենա եւ կավարտվի, ՍԴ կմուտքագրվի հակասահմանադրական ճանաչելու հետ կապված մեր դիմումը: Մոտավորապես օրերի խնդիր է: ԼՀԿ-ն գործընթացը պահպանելու է միայն իրավական տիրույթում, եւ թույլ չենք տալու, որ կողմերից մեկն ի շահ իրեն ծառայեցնի այս գործընթացը: Ավելին, մենք ըստ էության, սկզբունքային պաշտպանության դերից ենք հանդես գալիս»:

Հարցին, ստացվում է, որ «Լուսավոր Հայաստանը» չի միանո՞ւմ ԲՀԿ-ին եւ չի ավելացնում պակասող երկու ստորագրությունները, Մարուքյանը պատասխանեց. «Այո, դուք ճիշտ եք հասկացել, մենք ՍԴ կդիմենք երկրորդ նախագահի քննությունից հետո: Իրավական առումով ոչ մի տարբերություն չկա, թե մենք երբ դիմենք»: