Այդ պահից սկսած՝ փրկության միակ տարբերակը զանգվածային միջոցառումներն ու բողոքի ցույցերն են լինելու

Արտախորհրդարանական ուժերին անհրաժեշտ է շտապ մոբիլիզացնել քաղաքական, տեղեկատվական, մարդկային և մնացած բոլոր ռեսուրսները

Պատասխանատու գործիչների և քաղաքական ուժերի ժամն է հիմա։ Եթե իմքայլականներն ավարտին հասցնեն ԱԺ-ում այսօր նախաձեռնած սահմանադրական հեղաշրջումը, ապա Հայաստանում կմեռնի ոչ միայն դատական իշխանությունը, այլև քաղաքականությունն ընդհանրապես։ Այդ պահից սկսած՝ փրկության միակ տարբերակը զանգվածային միջոցառումներն ու բողոքի ցույցերն են լինելու։ Քաղաքական և իրավական ճանապարհով այլևս հնարավոր չի լինի խոչընդոտել երկրում բռնատիրական կարգերի հաստատմանը։

Ուստի հենց հիմա է պատասխանատու քաղաքական ուժերի գործելու ժամը։ Լինեն նրանք խորհրդարանում, թե դրանից դուրս։

Խոսքս առաջին հերթին ուղղում եմ Լուսավոր Հայաստանի և ԲՀԿ պատգամավորական խմբերին։ Դիմեք Սահմանադրական դատարան։ Վիճարկեք խորհրդարանական մեծամասնության որոշումը։ Ապացուցեք, որ երկրի ու ժողովրդի առջև պատասխանատվություն ստանձնած ուժ եք։ Բոլոր ձեր հայտարարություններն առ այն, որ երկրում սահմանադրական հեղաշրջում է տեղի ունենում, որ իշխանությունը ապօրինի որոշումներ է կայացնում և այլն առ ոչինչ են, եթե դրանց կոնկրետ քայլեր չհետևեն։

Արտախորհրդարանական ուժերին անհրաժեշտ է շտապ մոբիլիզացնել քաղաքական, տեղեկատվական, մարդկային և մնացած բոլոր ռեսուրսները։ Սա պայքար է ապագայի համար։ Այստեղ սակարկումների ու զիջումների տեղ չկա։ Սա երկու ուղիների խաչմերուկ է՝ կա՛մ դեպի իրական ազգային ու ժողովրդավար պետություն, կա՛մ դեպի կորուստ ու ոչնչացում։ Այլ ճանապարհ, ցավոք, չկա։

Հրանտ Մելիք-Շահնազարյան

p>