Խմբով ծեծի են ենթարկել «Հեղափոխության պահապաններ»-ի անդամին

Միաժամանակ վնասվել է տուժողին պատկանող «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան

2020թ. հունիսի 21-ին «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամ Հայկ Ստեփանյանը  հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Տիչինա փողոցում մի խումբ անձիք ձեռքերով, ոտքերով եւ մահակներով ծեծի են ենթարկել իրեն ՝ հայհոյանքներ հնչեցնելով իր եւ ՀՀ Վարչապետի հասցեին, միաժամանակ վնասելով իրեն պատկանող «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան:

Դեպքի առթիվ 2020թ. հունիսի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով:

Նույն օրը վարույթն իրականացնող մարմնին ինքնակամ ներկայացել են 2 քաղաքացի՝ ծնված 1989 եւ 1990թթ., եւ հարցաքննվել:

Վերջիններս ձերբակալվել են՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով:

Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններ, կատարվում են քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: