Հարյուրավոր քաղաքացիներ գալիս են, որ մեզ հետ լինեն․ սա այն սարսափն է, որ մտավ իշխանության մեջ. Արման Աբովյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աբովյանը նշեց, որ հավաքն ինքնաբուխ է, իրենք հորդորում են չհավաքվել

Դատարանի ներսից ոչ մի ինֆորմացիայի չեմ տիրապետում, գնում է իրավական պրոցես։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

Դիտարկմանը, թե այն ընդիմադիրները, որոնց նկատմամբ քրեկան գործեր կան հարուցված, ասում են, որ դատարանները իշխանության ազդեցության տակ են, Արման Աբովյանը նշեց. «Լինելով ՀՀ գործող պատգամավոր՝ հույս ունեմ, որ գուցե մասնակի դա այդպես չէ: Եթե կալանավորման որոշում կայացվի, դա քաղաքական հետապնդումների տոտալ ճնշումների տրամաբանության մեջ է»:

Քաղաքացիների հավաքին մանակցելու վերաբերյալ Աբովյանը նշեց, որ հավաքն ինքնաբուխ է, իրենք հորդորում են չհավաքվել. «Սակայն այստեղ միայն ԲՀԿ անդամներ չեն, այլ հարյուրավոր քաղաքացիները գալիս են, որ լինեն մեզ հետ և սա այն սարսափն է, որ մտավ իշխանության մեջ, իրենք չէին սպասում»:

Դիտարկմանը, թե տարիներ առաջ ճնշումների արդյունքում ԲՀԿ ղեկավարը լքեց քաղաքականությունը և հարցին՝ հնարավո՞ր է թողնեք քաղաքականությունը, ԲՀԿ պատգամավորը նշեց, որ իրենք չեն լքելու քաղաքականությունը. «Պայքարել և պայքարելու ենք արժանապատիվ մարդու համար: Մեր խնդիրն է այնպիսի իրավիճակ ստեղծել, որ երկիրը դուրս գա այս անտանելի իրավիճակից»։

Տեսանյութը՝ tert.am-ի